«Մանկավարժին ոչ հարիր պահվածքով տնօրենները կհեռացվեն»
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը Panorama.am-ին տեղեկացնում է, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից:
Անդրադառնալով տնօրենի ազատման հարցին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է. «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցների տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք: Դպրոցում կարգուկանոնի և համապատասխան առողջ մթնոլորտի ապահովումը մեզ համար կարևոր է, և այդ հարցում մեր մոտեցումը հստակ է: Եթե ծնողների կողմից կան արդարացի դժգոհություններ, ընդ որում՝ երբ դրանք մի քանի անգամ են բարձրացվում, ապա պետք է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր: Աշակերտների և ծնողների նկատմամբ կոպիտ և անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն հանրակրթական, այլև կրթամշակութային բոլոր հաստատությունների տնօրեններին»:
Խիստ նկատողություն է հայտարարվել նաև թիվ 37 դպրոցի տնօրենին՝ նախազգուշացմամբ, որ կրկնվելու դեպքում վերջինս կազատվի աշխատանքից:
Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ դրամահավաքության որևէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ տնօրեններին աշխատանքից ազատում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա