Թուրքիան չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի օրինականությունը և արդյունքները
Թուրքիան արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի ու անօրինական է համարում Ղրիմի հետագա կարգավիճակի վերաբերյալ մարտի 16-ին անցկացված հանրաքվեն:
«Սի էն էն թուրք» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Անկարա մեկնած Ղրիմի թաթարների խորհրդարանի (մեջլիս) նախկին նախագահ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Քըրըմօղլուն Դավութօղլուի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Թուրքիայի արտգործնախարարը հստակ շարադրել է Անկարայի դիրքորոշումը. «Ղրիմի հանրաքվեն ոչ այլ ինչ էր, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում: Այն ոչ մի կապ չունի միջազգային իրավական նորմերի հետ, այդ պատճառով էլ անընդունելի է»:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները նոր ցնցումների և լարումների տեղիք չեն տա ու խնդիրը կլուծվի սահմանադրական բարեփոխումների ճանապարհով` պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Դավութօղլուն հավելյալ նշել է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական ակտիվ ջանքեր գործադրել խնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու համար, այլապես, ըստ նրա, ղրիմյան իրադարձությունները կարող են դոմինոյի էֆեկտով ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա:
Ղրիմի թաթարների ազդեցիկ գործիչներից Քըրըմօղլուն էլ, միակարծիք լինելով Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ, տեղեկացրել է, որ ղրիմի թաթարները (էթնիկ թուրքեր) բոյկոտել են հանրահավաքը և կողմ արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Նաև նշել է, որ եթե անգամ իրենք մասնակցեին հանրաքվեին, ապա միևնույն է, դրանից արդյունքները չէին փոխվի, քանի որ Ռուսաստանի կողմից նախապես մշակցված սցենար կար, որն էլ իրականացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին