ԿԳ նախարարը` ՀՊՃՀ ռեկտորի հրաժարականի և բուհի ապագայի մասին
Այսօրվանից Պոլիտեխնիկը կղեկավարի ԵՊՃՇՀ արդեն նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, մինչև սահմանված կարգով հայտարարվեն ընտրություններ: Մրցույթը կկայանա և գիտխորհուրդը կընտրի ռեկտոր: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԵՊՃՇՀ ռեկտորի պաշտոնն այս պահին թափուր է, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտորներից մեկը:
«Դուք ակտիվ հետևում եք զարգացումներին: Տարբեր բուհերում տարբեր խնդիրներ լինում են, որևէ սենսացիա այս փաստի մեջ չենք փնտրում: Նախկին ռեկտորը որոշել է բուհի հետագա զարգացման համար, բազմակարծության պայմաններում, ստեղծել նոր հնարավորություններ: Նախկին ռեկտորը մնում է համակարգում, նա ԳԱԱ անդամ է, դասավանդում է Պետական համալսարանում»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ մամուլը երեկ ակնարկում էր բուհում իրականացված ուսումնասիրությունների մասին: Ըստ Արմեն Աշոտյանի, ուսումնասիրությունները դեռ ոչ մեկին վնաս չեն տվել, և չկա մի գերատեսչություն, որտեղ ուսումնասիրությունների ընթացքում խնդիրներ չլինեն:
«Այդ ուսումնասիրություններն իրականում թույլ են տալու ցանկացած բուհի, այդ թվում, Պոլիտեխնիկին, իմանալ իր խնդիրներն ու շտկել թույլ տեղերը: Բուհը ֆինանսապես կայուն է, որևէ տեսակի անհանգստություններ կոլեկտիվի և ուսանողների համար գոյություն չունեն»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը չմեկնաբանեց լուրերն այն մասին, թե Արա Ավետիսյանի հրաժարականը կապված է կոռուպցիոն գործարքների և չարաշահումների հետ. «Չեմ մեկնաբանում ասեկոսեներ: Ոչ մի ուսումնասիրություն դեռ ոչ մեկին վնաս չի տվել, նորից եմ ասում: Դրանք միայն օգնում են ավելի լավ աշխատել: Ասեկոսեներ և չհիմնավորված բաներ չեմ մեկնաբանում: Այս ֆոնին, բնականաբար, շահարկումներ շատ կլինեն»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Արա Ավետիսյանի հրաժարականի պատճառն այս բուհում «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ակցիան է եղել, Աշոտյանն ասաց, որ այդ ակցիան նորմալ է անցել, չի խանգարել դասապրոցեսին ու որևէ առնչություն չի կարող ունենալ ռեկտորի հրաժարականի հետ:
Ինչ վերաբերում է բուհի ապագային, ԿԳ նախարարի խոսքով, Պոլիտեխնիկի ներսում եղած որոշակի անհանգստությունները, տարաձայնությունները, խժդժությունները պետք է շատ արագ հարթվեն, որպեսզի չազդեն բուհի հետագա զարգացման վրա:
«Պոլիտեխնիկին պետք է շարունակել աշխատել, որպեսզի վերականգնի նախկին ամբողջական փառքը` որպես բուհական համակարգի առաջատար բուհերից մեկը: Բուհն անցնում է միջազգային հավատարմագրման գործընթացներ, զարգանում է լաբորատորիաների ցանցը, մենք լավատեսորեն ենք դիտարկում, կարծում ենք, որ կադրային փոփոխությունները նոր լիցք կտան: Մենք ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կտրուկ, ուշադիր և կոշտ քայլերի, որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել»,- շեշտեց նա:
Նախարարը նշեց, որ հնարավոր է Պոլիտեխնիկը և Ճարտարապետաշինարարական համալսարանը մոտ ապագայում վերամիավորվեն. «Մենք կունենանք մեծ միասնական Պոլիտեխնիկ: Ռեկտորի փոփոխությամբ կտանենք միասնական քաղաքականություն երբեմնի միասնական կրթական հաստատության մեջ գործող ֆակուլտետների վերամիավորման հետ կապված, ինչը շատ դրական ազդեցություն կունենա բուհի զարգացման վրա, և, կարծում եմ, մոտ ապագայում մենք այդ քայլերը կձեռնարկենք»:
Հավելենք, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ շրջելու նոր վերակառուցված բաժանմունքներում և ծանոթանալու կատարված աշխատանքներին:
Նախորդիվ`
ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին