ԿԳՆ. Բժշկական համալսարանի 93 ուսանողների համար բացառություն չենք անի
Բժշկական համալսարանի 93 ուսանողների համար Կրթության և գիտության նախարարությունն այս տարի բացառություն չի անի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ անցյալ տարի բացառություն արել են, այդ ուսանողների թիվն ավելի մեծ է եղել` շուրջ 200 հոգի:
«Անկեղծ ասած, բուհի ֆինանսական կայունության համար որոշակի խնդիրներ կարող են ստեղծվել: Բայց ամենակարևոր պատճառը, թե ինչու այս տարի ես չեմ ընդառաջում Բժշկական համալսարանից դուրս մնացած ուսանողների խնդրանքին, շատ պարզ է: Բուհն այս տարի իջեցրել է քննական շեմը, մինչև քննությունների մեկնարկն ավելի բաձր շեմ էր, բուհն ընդառաջել է ուսանողներին` շուրջ 10 միավորով իջեցնելով մինիմալ շեմը: Արդեն իջեցված շեմով քնննությունները չհաղթահարած ուսանողներին մենք չենք կարող ընդառաջել, բժիշկը պետք է լավ սովորի»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով, ուսանողի թիվ մեկ սրբազան պարտականությունը պետք է լինի սովորելը: Նա նշեց, որ եթե այդ պայմաններում էլ ուսանողները չեն կարողացել հաղթահարել մինիմալ շեմը, բուհը չի կարող վարել չսովորող ուսանողին պահելու ինքնանպատակ քաղաքականություն:
Նախարարը հավելեց, որ եթե ուսանողը վճարովի համակարգում է սովորում, ապա կարող է կուտակել մինչև 12 կրեդիտ պարտք: Եթե վճարովի համակարգում սովորող ուսանողները դուրս են մնում բուհից, չեն հանձնում սահմանված քանակությամբ քննությունները, մինիմալ շեմը չեն հաղթահարում, ապա դա նշանակում է, որ նախկինում էլ պարտքեր ունեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Panorama.am-ին էին ահազանգել բժշկական համալսարանի ուսանողներից և ասել, որ իրենք 3-րդ լուծարքի հնարավորությունից զրկվել են, քանի որ ԿԳ նախարարի հրամանով այն չի տարածվել այս բուհի վրա: Հիմա համալսարանից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած մոտ 93 ուսանող:
Ուսանողները նշում էին, որ նախորդ տարիներին իրենց տրամադրվել են 3-րդ, անգամ 4-րդ մարման հնարավորություններ:
«Այլ բուհերին տրվել է 3-րդ մարման հնարավորություն, այն դեպքում, որ մեզ այն չտալու որոշումը պատճառաբանվել է այսպես՝ «բժշկական համալսարանում պետք է պատրաստվեն որակյալ կադրեր»: Հարց է առաջանում՝ արդյոք մեզ պետք չե՞ն որակյալ տնտեսագետներ, իրավաբաններ, այլ մասնագետներ, որ այդ ֆակուլտետներին տրվում է 3-րդ մարման հնարավորություն»,-Panorama.am-ի թղթակցին հայտնել են մի խումբ ուսանողներ:
Նախորդիվ`
Ահազանգ Բժշկական համալսարանից. մոտ 93 ուսանող դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա