«Ժառանգությունը» լքո՞ւմ է քառյակի ձևաչափը
«Այդ հանդիպման հետ կապված այնքան ապատեղեկատվություն կա, որ արդեն անընդհատ շարունակվող գործընթացի է նմանվում: Բովանդակային առումով չեմ անդրադառնա հանդիպման մանրամասներին, բայց որպես դրա մասնակից նշեմ, որ այն, ինչ վերջին օրերին շրջանառվում է մամուլում որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը»,- Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով մամուլում առկա այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ- «Ժառանգություն» հանդիպումից հետո քառյակի մոտ մտավախություններ են ի հայտ եկել, թե «Ժառանգությունը» կարող է ինչ-որ պահի լքել այս ձևաչափն ու իր խաղը առաջ տանել:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրականությանը համապատասխանում է միայն այն, ինչ հայտարարվել է կուսակցության կողմից, այն է` գլխավոր հարցի շուրջ երկրում ձևավորված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են: Բացի այս, նրանք համաձայնության են եկել, որ միասնական ջանքերով պետք է լուծումներ գտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. «Մենք նույն կերպ ենք նայում խնդիրներին, նույն գնահատականներն ունենք այդ ամենի վերաբերյալ, իսկ մնացածը քննարկման առարկա է. խորհրդատվությունները կշարունակվեն»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այսինքն ինքն այս պահին բացառում է, որ «Ժառանգությունը» կլքի ձևաչափը, Ա.Մարտիրոսյանը նշեց. «Քառյակի հանդիպումները շարունակվում են խորհրդատվությունների մակարդակով և որևէ խնդիր այս պահին գոյություն չունի»:
Հիշեցնենք, թերթերից մեկն այսօր գրել եր, որ իր աղբյուրների համաձայն` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր առաջարկը եղել է հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով: «Ժառանգության» ղեկավարն իր այս միտքը այսպես է բացատրել, որ իր, Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի և Հրանտ Մարգարյանի` առաջին գծում հայտնվելու փաստը թե հասարակության մակարդակում կմեծացնի վստահությունը այդ ուժերի նկատմամբ, և հարկ եղած դեպքում իրենք առանց վերանայելու իշխանությանը փողոցով կսպառնան, թե իշխանության վախը կմեծանա: Նա պահանջել է նաև, որ այդ ձևաչափում քննարկումների դրվի ամբողջական իշխանափոխության հարցը: Բնականաբար, պահանջը մերժվել է ԱԱԽ անդամ ԲՀԿ առաջնորդի կողմից: Սրանից հետո քառյակում կասկածներ են առաջացել, որ «Ժառանգությունն» ինչ-որ պահի կարող է լքել այս ձևաչափը և իր խաղը առաջ տանել»:
Նախորդիվ`
Նոր մանրամասներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից