Արցախում հիմնադրվելու է Մատենադարան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի պատմական արժեքների պահպանմանը և հայրենի ժողովրդի պատմության մասնագիտական ուսումնասիրմանը:
Ճարտարապետ Արթուր Մեսչյանը նախագահին է ներկայացրել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման նախագիծը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մայր թատրոնը, լինելով մեր հանրապետության մշակութային կարևորագույն օջախներից մեկը, պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ, և այս համատեքստում կարևորել Հայաստանի առաջատար ճարտարապետների հետ համագործակցությունը՝ այն համարելով նախատեսված աշխատանքների հաջող իրականացման նախադրյալներից մեկը:
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: