Տեսակետներ. Ադրբեջանը բլեֆի է դիմել
ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով Ադրբեջանի տարածած լուրերն այն մասին, թե իբր հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է մահացել, կոչ է արել` «հետաքննության անցկացնել` գործընթացում ներգրավվելով միջազգային դիտորդներին»:
Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե միջազգային հետաքննության գործընթացը պետք է վերաբերի նաև այն դեպքերին, երբ Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմի կանոնները` կրակ է բացում հայ զինծառայողների նկատմամբ:
«Այսինքն` խնդիրը միայն այս միջադեպը չպետք է լինի, եթե ներդրվում է համակարգը, ապա այն մեկանգամյա բնույթ չպետք է ունենա: Անհրաժեշտություն կա միջազգային դիտորդների ներգրավվածությամբ միջազգային հետաքննություն անցկացնել առաջին գծում տեղի ունեցող բոլոր դեպքերի համար»,- հավելեց նա:
Վերջինս նաև ընդգծեց, որ, մանավանդ, վերջին տարիներին, ադրբեջանական գործողություններն առավել սուր բնույթ են կրում, ինչին անհրաժեշտ է պատշաճ պատասխանել:
Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը Panorama.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՊՆ-ի առաջ քաշած գաղափարը լավն է, սակայն անիրականանալի:
«Ադրբեջանի կողմից, «զինծառայողի մահվան մասին» տարածած լուրը բլեֆ է, հետևաբար, Ադրբեջանը չի համաձայնվի հետաքննություն անցկացնել: Իսկ Հայաստանի առաջարկը ի ցույց է դնում հայկական կողմի վստահությունն առ այն, որ Ադրբեջանը փաստացի ապատեղեկատվություն է տարածում»,- ասաց վերջինս:
Ըստ ռազմական փորձագետի, Ադրբեջանը բազմիցս շրջանառության մեջ է դրել «զոհված զինծառայողների» թեման` նպատակ ունենալով հայկական կողմին ներկայացնել որպես ագրեսոր:
«Այս տարիների ընթացքում, ոչ մի միջազգային կառույց, լրջորեն չի հետաքրքրվել լրահոսում հայտնված միջադեպերի հարցով, բնականաբար, լուրջ քննության հարց չի բարձրացրել: Ադրբեջանն օգտվում է հենց այդ հանգամանքից ու անընդհատ ապատեղեկատվություն պարունակող նյութեր է տարածում: Ադրբեջանի միաժամանակ փորձում է «խաղալ» Ուկրաինայում ստեղծված իրադարձությունների հետ` փորձելով ցույց տալ, որ Հայաստանը օգտվելով առիթից տարածաշրջանում անկայունություն է հրահրում»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան