«Ազատություն և արդարություն Նիշանյանին» կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել նրան ազատելու համար
Պոլսահայ գրող, լրագրող Սևան Նիշանյանին ազատ արձակելու պահանջով միջազգային կոմիտե է ստեղծվել: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
«Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն ստեղծվել է՝ հաշվի առնելով մտավորականի նկատմամբ բանտարկության վճռի անընդունելիությունը, անտանելի դարձող բանտային պայմանները, նոր և ոչ պակաս անընդունելի դատական հետապնդումների սպառնալիքները։
Այն Սևան Նիշանյանի բանտարկության դատական վճիռը համարում է արդարության ծաղրանք և անընդունելի պատժամիջոց, որը սպառնում է մարդու ազատ մտածելու իրավունքին:
Կոմիտեն Նիշանյանի բանտարկությունը որակում է խտրականության և քինախնդրության բացահայտ դրսևորում, որին ենթարկվում է մտավորականը՝ Թուրքիայում պետական մտածողության դրույթներին ընդդիմանալու համար: Կոմիտեն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Սևան Նիշանյանին և դադարեցնել նրա նկատմամբ հալածանքները:
Նրանք նաև միջազգային հանրությանը, կազմակերպություններին, մարդու իրավունքի պաշտպանության կենտրոններին կոչ են անում դատապարտել Սևան Նիշանյանի արգելափակման փաստը և քայլեր ձեռնարկել նրա ազատ արձակման ուղղությամբ։ Թուրքիայի քաղաքացիներին կոմիտեն կոչ է անում տեր կանգնել պետական մարմինների պատժիչ մեքենայի զոհ դարձած քաղաքացուն, մտավորականին, ով Թուրքիայի մշակութային արժեքների պաշտպանն ու տարածողն է։
Կոմիտեի անդամները խոստանում են Թուրքիայում և արտասահմանում ձեռնարկել բազմատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սևան Նիշանյանի դատին։
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 12-ին Թուրքիայի Վերաքննիչ դատարանը հաստատել էր Նիշանյանին տրված երկու տարվա ազատազրկումը: Նա ձերբակալվել էր Իզմիրի Շիրինջ գյուղում, որտեղ նա ապրում է, անօրինական շինարարություն կատարելու մեղադրանքով: Նիշանյանին նաև 13,5 ամսվա ազատազրկում էր սպառնում, երբ մայիսին Ստամբուլի դատարանը նրան մեղավոր ճանաչեց հակաիսլամական «Մահմեդականների անմեղություն» ֆիլմին իր բլոգում աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին