Վարդան Ոսկանյան. Թալիշները Ադրբեջանում ցանկանում են ստեղծել Թալիշստան անկախ պետություն
«Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարին կազմակերպված հանդիպմանը առաջին անգամ պատմության ընթացքում հրավիրվել էին թալիշների բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի տեղաբնակ ազգերի շուրջ ստեղծված վերջին իրադարձություններին ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը:
«Այս ժողովուրդը առաջին անգամ, այն էլ եվրոպական բարձր ամբիոնից հայտարարում է, որ ցանկանում է ստեղծել անկախ պետություն Ադրբեջանի հարավ-արևելյան շրջաններում»,-նշեց Վ. Ոսկանյանը:
Նրա խոսքերով, վերջին 1.5 տարվա ընթացքում թալիշները սկսել են ակտիվորեն համագործակցել նաև հայկական կազմակերպությունների, ՀԿ-ների և կրթական-գիտական հաստատությունների հետ:
«Թալիշները հայկական, իրանական դպրոցից ակնկալում են թալիշական պատմության, մշակույթի լուսաբանում, ինչպես նաև լոբբիստական աշխատանք՝ հայկական իշխանական շրջանակներում»,-նշեց Վ. Ոսկանյանը:
Անդրադառնալով մեկ այլ կարևոր իրադարձության, որը վերջերս տեղի է ունեցել Ադրբեջանում Ոսկանյանը նշեց, որ դա «Շիրվանի ազատագրության ճակատ» կազմակերպության ստեղծումն է, իսկ այդ կազմակերպությունը ստեղծել են կովկասյան պարսիկները՝ թաթերը:
«Այս կազմակերպությունը ընդհատակյա է աշխատելու և նպատակ է հետապնդելու ստեղծել Շիրվանի պարսկական պետություն Ադրբեջանի տարածքում»,-նշեց Վ. Ոսկանյանը:
Նա հավելեց, որ հայկական ԶԼՄ-ները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն թալիշների և Ադրբեջանի այլ բնիկ ժողովուրդների խնդիրներին: