«Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան կլինի»
«Կրեմլը «հեշտությամբ չի զիջի» նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ մտնող տարածքները: Աշխարհը գնում է դեպի նոր սառը պատերազմ»,- անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերություններին, ինչպես նաև Ղրիմի շուրջ հնարավոր զարգացումներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություներին, ապա ըստ թուրքագետի, երկրորդական հարցերի պատճառով իսկ այս դեպքում` Ղրիմի պատճառով, Անկարան չի վատթարացնի, առավել ևս` չի խզի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորն են, և Թուրքիան տեսանելի-անտեսանելի կապերով կապված է Ռուսաստանի հետ, և բավականին բարդ է նրա համար որևէ կտրուկ քայլ անելը Մոսկվայի ուղղությամբ: Ռուսաստանը Թուրքիայի թիվ երկու առևտրային գործընկերն է՝ Գերմանիայից հետո: 2008 թվականին մոտ 38 միլիարդի ապրանքափոխանակություն է տեղի ունեցել: Թուրքիան կախում ունի Ռուսաստանից՝ գազի և նավթի առումներով, և Ռուսաստանից միանգամից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան կլինի»,- ասաց Արտակ Շաքարյանը, հավելելով, որ դրա հետ մեկտեղ Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է առաջին ատոմակայանը:
Մյուս կողմից, հաշվի առնելով Ղրիմի շուրջ վերջին զարգացումները` Թուրքիան քայլ առ քայլ «զգում է իրեն շրջափակման մեջ Ռուսաստանի կողմից», իսկ Սև ծովի ավազանից դուրսմղումը բավականին էական ռազմավարական հարված կլինի Անկարայի նկրտումների համար:
Այս պահին ռուս-թուրքական հարաբերություններում, ըստ թուրքագետի, էականը Ղրիմի թաթարների հարցն է:
«Առավել էական է Ղրիմի թաթարների հարցն այսօր Թուրքիայի ներքաղաքական հաշվարկներում: Հաշվի առնենք, թե որտեղ է Էրդողանը հայտարարել Ղրիմի թաթարներին աջակցելու, նրանց շահերը պաշտպանելու մասին: Թուրքիան Ղրիմի թաթարների պաշտպանության մասին հայտարարությունն արել է այն քաղաքում, որտեղ բնակչության 80 %-ը թաթարներ են, այսինքն` ռուսական կայսրությունից գաղթածներ»,- ասաց Արտակ Շաքարյանը:
Այնուհանդերձ, ըստ թուրքագետի, Թուրքիան պաշտոնական Մոսկվայի դեմ որևէ պաշտոնական քայլ չի անի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում