Կենսաթոշակների բարձրացումն էապես նվազեցրել է աղքատության մակարդակը. Արտեմ Ասատրյան
Հայաստանում 2014թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացման արդյունքում ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը կրճատվել է հինգ անգամ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով ներկայացնելով կենսաթոշակների բարձրացման արդյունքում արձանագրված ցուցանիշները:
Նախարարի խոսքերով` ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվն այսօր կազմում է 12 800, մինչդեռ նախկինում այդ թիվը հասնում էր 68 հազարի:
Բացի այդ, ըստ Ա.Ասատրյանի, թոշակների բարձրացման արդյունքում աղքատության ստորին գծից ցածր գտնվող կենսաթոշակառուների թիվը ևս կրճատվել է 40 տոկոսով՝ կազմելով 138 100. նախորդ տարի այն կազմում էր 230 հազար:
Ինչ վերաբերում է աղքատության վերին շեմից ցածր գտնվող կենսաթոշակառուների թվին, ապա այդ կենսաթոշակառուների թիվն այս տարի կազմել է 292 հազար` նախորդ տարվա 330 հազարի փոխարեն:
«Թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց աղքատության մակարդակը»,- հայտնեց Ա.Ասատրյանը:
«Հասկանալի է, որ բարձրացումները դեռևս շոշափելի չեն` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ էր, և մեր քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ սպառել, քան նախորդ տարի, ուստի այս բարձրացումները հիմնականում ուղղվել են այդ վճարներին: Սակայն, դրանք շոշափելի փոփոխություններ են մտցրել կառավարության ծախսային հատվածում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նշվենք նաև, որ այս տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացմանն ուղղվել է 29 մլրդ դրամ: