«Դ!եմ եմ»-ը ընդամենը ողջունում է երկխոսության վերաբերյալ վարչապետի առաջարկը
«Երկխոսության ցանկացած առաջարկ, որը եղել է, մենք համարել ենք ողջունելի: Սակայն վարչապետի այս առաջարկը մենք համարում ենք ուշացած, քանի որ գործը Սահմանադրական դատարանի վարույթում է և դրա վերաբերյալ որոշմանը հաշված օրեր են մնացել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, ասաց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Նրա խոսքով, քիչ առաջ են տեղեկացել վարչապետի հայտարարության մասին և դեռ չեն որոշել` կընդունե՞ն այն, կգնա՞ն հանդիպման, թե՞ ոչ:
«Ուղղակի մեր թիմում իմ և իմ շատ-շատ ընկերների մոտեցումը հետևյալն է` Սահմանադրական դատարանը պետք է այս օրենքի վերաբերյալ իր որակումը տա: Քանի դեռ այն Սահմանադրական դատարանում է, մի քիչ այնքան էլ կոռեկտ չէ այդ առումով երկխոսություններ կամ սակարկություններ անելը», -նկատեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ այսօր կառավարության նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսել է «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին ուղղված ուղերձով` հայտարարելով, որ կառավարությունը պատրաստ է երկխոսության: Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել էր, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքից հրաժարվելը օգտակար կլինի մեր բոլորի համար:
Այս առնչությամբ Դավիթ Մանուկյանն ասաց. «Իրականում այդ սկզբունքով չէ, որ մենք առաջնորդվում ենք. երբ մենք ասում ենք դեմ ենք պարտադիրին, դա չի նշանակում` կամ ոչինչ կամ ամեն ինչ: Մենք ասում ենք` խթանեք կամավորը, որ շատ քաղաքացիներ լրջորեն մտածեն կամավոր ձևով միանալու այդ համակարգին: Այդ առումով եթե պարտադիրը պետք է հանվի, օրենքը լավացնելու, գրավիչ դարձնելու առաջարկ լինի, պատրաստ ենք, գնանք քննարկենք, հանրային լսումներ կազմակերպենք, առաջարկներ ներկայացնենք: Այդ իմաստով միշտ էլ բաց ենք երկխոսության»:
Վարչապետի հայտարարությունից, այն մասին, թե օրենքում իսկապես թերություններ կան, Դավիթ Մանուկյանի խոսքով, ինքը ենթադրել է, որ խոսքն «այնքան էլ» չի վերաբերում պարտադիր բաղադրիչից հրաժարվելուն:
«Եթե պարտադիր բաղադրիչը վերացնելու մասին խոսք չի գնալու, սա նշանակում է, որ ընդամենը սակարկություն է, ինչը միանշանակ անընդունելի է մեզ համար: Որևէ այլ քննարկում մեզ համար անընդունելի կլինի», -հավելեց Մանուկյանը:
Նրա կարծիքով, վարչապետի` երկխոսության առաջարկը շատ հնարավոր է նաև մարտի 22-ին կայանալիք մեծ հանրահավաքը մեղմելու փորձ լինի:
Նախորդող հրապարակում`
Վարչապետը երկխոսության է հրավիրում «Դեմ եմ» շարժման մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան