ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի դեմ
Ամերիկայի Միացյալ նահանգները պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ` Ղրիմի բռնակցման հետ կապված: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին: Փոխանցում է «Դոյչե վելլե»-ի ռուսական ծառայությունը:
Ըստ մամուլի խոսնակի` Միացյալ Նահանգները պատրաստվում է հավելյալ պատժամիջոցներ կիրառել մի շարք ռուս օլիգարխների նկատմամբ, ովքեր հանդիսանում են նախագահ Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Ջեյ Քարնին վստահություն է հայտնել նաև, որ այդ պատժամիջոցները իրենց ազդեցությունն են թողնելու ռուսական տնտեսության վրա` միաժամանակ կոչ անելով ներդրողներին զգուշություն ցուցաբերել ռուսական ակցիաների հետ կապված:
ԱՄՆ-ն և ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեցին այն բանից հետո, երբ Ղրիմը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը` վերջինիս կազմում Դաշնային սուբյեկտի կարգավիճակով ընդգրկվելու համար: Պատժամիջոցները ենթադրում են ռուս և ուկրաինացի պաշտոնյաների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների արտասահմանյան հաշիվների սառեցումներ և մուտքի արգելքներ:
Ավելի վաղ կայացած Քերրի-Լավրով հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ամերիկյան կողմի պատժամիջոցները բնորոշել էր որպես «անընդունելի» և նշել, որ դրանք կարող են բումերանգի ազդեցություն ունենալ: ՌԴ խորհրդարանականներին և Դաշնության սուբյեկտների ղեկավարներին ուղղված երեկվա ուղերձում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ սահմանված միջազգային սանկցիաներին, նշել էր, որ «առանց այդ էլ Ռուսաստանը ապրում է էական սահամանափակումների պայմաններում»` ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ սառը պատերազմյան դարաշրջանի ժամանակ ԽՍՀՄ-ի դեմ մի շարք ապրանքների վաճառքի վերաբերյալ արգելքները այսօր էր ֆորմալ պահպանվում են: Հավելենք, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործընթացին տարբեր կերպ են արձագանքել ԵՄ անդամ երկրները: Մասնավորապես` Լատվիայի ֆինանսների նախարարը երեկ հայտարարել էր, որ ԵՄ-ը պետք է պատրաստ լինի փոխհատուցելու սանկցիաների հետևանքով անդամ երկրների կրած վնասները: Նման մտահոգություններ ունեն նաև Մերձբալթյան մյուս պետությունները և ԵՄ անդամ այն երկրները, որոնք թե ապրանքաշրջանառության և թե էներգակիրների ներկրման առումներով կախվածություն ունեն Ռուսաստանից: