Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը կմեկնարկի այսօր
Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա այսօր, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը:
«Փափազյանի անվան Շեքսպիրյան հերթական միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից»,- ասաց ՀԹԳՄ նախագահը:
Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները:
«Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ: Փառատոնը կտևի մինչև մարտի 22-ը:
Հավելենք, որ վաղը Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում