Բիձինա Իվանիշվիլին հիասթափվել է Վրաստանի նախագահից
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» դաշինքի նախկին առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով նախորդ տարի Վրաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո լքել էր քաղաքական ասպարեզն՝ իշխանությունն հանձնելով իր թիմակիցներին, հայտարարել է, թե «հիասթափվել է» Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիից: «Civil.ge» կայքի փոխանցմամբ, Իվանիշվիլին իր դիտարկումներն է ներկայացրել «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ես որոշակիորեն հիասթափվել եմ նախագահի գործունեությունից, ընտրություններից հետո նրա մոտ ի հայտ եկան սկզբունքորեն այլ որակներ», - ասել է Իվանիշվիլին:
Ժամանակին Մարգվելաշվիլիին իրեն մերձավոր համարող Իվանիշվիլին նշել է, թե այժմ նախագահի հետ չի պահպանում «ոչ ֆորմալ հարաբերություններ», սակայն կոչ է արել չդրամատիկացնել ստեղծված իրավիճակը:
Հարցին, թե ինչպես է նախկին վարչապետն ընդհանրապես գնահատում Մարգվելաշվիլիի գործունեությունը նախագահի պաշտոնում, Իվանիշվիլին ասել է. «Ընդհանուր առմամբ, նորմալ, սակայն չեմ թաքցնի, սպասում էի ավելին»:
Հաղորդագրության համաձայն, քննադատության հիմք է հանդիսացել, մասնավորապես, այն հանգամանքը, որ նախագահ Մարգվեաշվիլին. Իվանիշվիլիի բնորոշմամբ, իրեն «ընտրյալ է կարգել» Վանո Մաչավարիանիին, ով նախագահի խորհրդականն է` արտաքին քաղաքական հարցերով :
Վանո Մաչավարիանին նախկինում եղել է Միացյալ Ազգային շարժում կուսակցության շարքերում և, ըստ Իվանիշվիլիի, 2011 թ-ին միացել է «Վրացական դաշինքին» միայն բարձր աշխատավարձի և իր նախկին կուսակիցիներից վրեժխնդիր լինելու համար:
Մաչավարիանին արդեն մեկնաբանել է Իվանիշվիլիի մեղադրանքները և ափսոսանք հայտնել, որ Բիձինա Իվանիշվիլիին իր մասին «սխալ տեղեկատվություն են մատուցում»:
Իվանիշվիլին հանդիմանել է նախագահ Մարգվելաշվիլիին նաև Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրը օգտագործելու համար:
Նրա կարծիքով, Մարգվելաշվիլին, ով նախկինում հրաժարվում էր տեղափոխվել Սաակաշվիլիի կառուցած շինությունը` այն անվանելով էր «բռնության ու չարիքի խորհրդանիշ», սկզբունքայնություն չի դրսևորել և վերջին հանդիպումներն անցկացրել է հենց այդ շենքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում