«Ժառանգություն»-ը կլքի «հրաշալի քառյակը», եթե…
Մարտի 14-ն կայացած «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել։ Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի։ Թերթին լուրեր են հասել, որ հնարավոր է առաջիկայում «Ժառանգություն»-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ: «Մենք հանդիպման մասին արդեն հաղորդագրություն ենք տարածել»,-ասել է Հ. Խուրշուդյանը:
Իսկ «Հրապարակ» օրաթերթը «Կոնկրետություն պահանջող «Ժառանգությունում» կոնկրետություն չկա» վերնագրի ներքո անդրադարձել է Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանն ու գրել, թե «Ժառանգություն» կուսակցությունը ողբալի վիճակում է հայտնվել` այստեղ 5 հոգով 7 երգ են երգում և այդպես էլ չեն կողմնորոշվում քառյակի գործունեության հետ կապված:
«Հրապարակ»-ի հարցին` Սերժ Սարգսյանի իշխանափոխության հարցի ներառումը որոշի՞չ է քառյակի հետագա համագործակցության համար, այսինքն` եթե քառյակի օրակարգում միայն կառավարության անվստահության հարցը բարձրացվի, «Ժառանգությունը» կմասնակցի՞ գործընթացին, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Միանշանակ կարող եմ ասել, որ «Ժառանգության» օրակարգում դրված է արմատական իշխանափոխությունը և բարեփոխումների խնդիրը: Ինչ վերաբերում է համագործակցության հետ կապված հարցերին, ապա քանին որ այս պահին քննարկումներ են գնում, չեմ փորձի որևէ բան կանխորոշել կամ չկանխորոշել»:
Հարցին` ճի՞շտ է լուրը, որ Ր. Հովհաննիսյանը մինչ ուրբաթ Ծառուկյանից բացասական պատասխան է սպասում և բացասական պատասխանի դեպքում կլքի քառյակը, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես որևէ լիազորություն չունեմ որևէ լուրի մասին տեսակետ հայտնել, քանի դեռ այն քննարկումների փուլում է գտնվում»: