Վարչապետը երկխոսության է հրավիրում «Դեմ եմ» շարժման մասնակիցներին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստը սկսեց «Դեմ եմ» շարժման մասնակիցներին ուղղված ուղերձով: Մասնավորապես, վարչապետը շարժման մասնակիցներին երկխոսության կոչ արեց` հայտարարելով, որ Հայաստանում այսօր ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները:
«Իսկ դա նշանակում է, որ որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք: Մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը: Երկրորդ` այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, որոնք մեզ բազմաթիվ նամակներով են դիմել, իրենց մտահոգություններ են ներկայացրել այս ռեֆորմի կապակցությամբ: Միևնույն ժամանակ իրենց նամակներում կա մտահոգություն այս ռեֆորմի կապակցությամբ, բացի այդ, զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ: Իրենց բառերով` իրենք սիրում են այս երկիրը և ուզում են, որ այս երկիրը ունենա պայծառ ապագա»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Նրա խոսքերով` այս նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են ՏՏ ոլորտում:
«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, քանի որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ դիրքորոշումն անընդունելի է, ինչպես մեզ, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար: Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, հատկապես ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքերը առանց թերությունների չեն կարող լինել: Կան, բնականաբար, թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները: Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը դա երկխոսության ճանապարհն է, և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին այդ երկխոսությանը»,- հայտարարեց վարչապետը:
Միաժամանակ, Տ.Սարգսյանը նշեց, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքից հրաժարվելը օգտակար կլինի մեր բոլորի համար:
«Դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան նաև աջակցությունը մեր երիտասարդների: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին»,- ասաց Տ.Սարգսյանը:
Ըստ վարչապետի` ինքն Աժ-ում ևս հայտարարել է, որ կառավարությանը ոգևորում է նաև այս երիտասարդների ակտիվությունը:
«Հասկանալի է, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահագործել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը կարևոր է մեր պետության ապագայի համար»,- եզրափակեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան