Պատմաբան. Ուկրաինական դեպքերի որևէ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության խնդրի վրա ես չեմ տեսնում
«Ընդհանուր առմամբ, եթե արձանագրվում է ինքնորոշման որևէ դեպք, նշանակում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հաստատակամ ընդունվում է տվյալ պահին, բայց ամեն մի հակամարտություն ունի իր առանձնահատկությունը: Ուկրաինական դեպքերի որևէ ազդեցություն ղարաբաղյան հակամարտության խնդրի վրա ես չեմ տեսնում»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով ուկրաինական դեպքերի, Ղրիմի հանրաքվեի ու ղարաբաղյան հիմնախնդրի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:
Ըստ նրա, Հայաստանը վերջին դեպքերից պետք է մի քանի հանգամանք հաշվի առնի ու դրանց հիման վրա կառուցի իր մոտեցումը:
«Ամեն մի ինքնորոշման դեպք կարևոր է մեր ժողովրդի համար: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս հակամարտության մեջ ներգրավված է ոչ միայն Ուկրաինան, այլ աշխարհի կարևոր, հզոր երկրներ: Այս առումով Ուկրաինայում ծավալված այս ամբողջ հակամատությունը կարևոր համամոլորակային երևույթ է, որտեղ մեր մասնակցությունը պետք է սահմանափակվի այնքանով, որ ունենք հայ ազգաբնակչություն Ուկրաինայում, Ղրիմում: Առաջին հերթին պետք է մտածենք մեր հայրենակիցների անվտանգության մասին: Դա է մեր սուրբ պարտքը»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Պատմաբանը նշեց, որ Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ լինելով փոքր երկիր, գտնվելով շատ վտանգավոր տարածաշրջանում, շահագրգռված լինի, որ բոլոր հակամարտությունները հնարավորինս ընթանան խաղաղ կարգավորմամբ: