Տեսակետներ. Սպառնալիքներով չեն պատերազմում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի կողմից խնդիր է դրվել` «ազատագրել օկուպացված տարածքները»` ավելացնելով, թե «Ադրբեջանի դրոշը պետք է փողփողա ազատագրված տարածքներում»:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը, Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, ասաց, որ Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյն էլ նման հեռահար նպատակներ ուներ, սակայն հայտնի է, թե ինչ հետևանքներ ունեցան նրա այդ ցանկությունները:
«Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Շահումյանը, Մարտակերտի ու Մարտունու որոշ հատվածներ. եթե Ադրբեջանն արկածախնդրության դիմի, ապա մեզ հնարավորություն կտա ազատագրել նաև այդ շրջանները»,- նշեց նա:
Վերջինս նշեց, որ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներ առնչությամբ միջազգային հանրությունից առանձնապես սպասելիքներ չունի, սակայն ամեն դեպքում դրա բացակայությունը տարօինակ է:
Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը նշեց, որ չի կարող լուրջ վերաբերել այն պաշտպանության նախարարին, ով հրապարակայնորեն խոսում է նման որոշումների մասին:
«Հայտարարություններով պատերազմ չեն գնում, առավել ևս չեն պատերազմում: Այս հայտարարությունն ավելի շատ նման է ինքնահաստատման, ինքնահամոզման ճանապարհ բռնած գործչի գործելաոճի»,- ասաց նա:
Ռազմական փորձագետը նշեց, որ նման հայտարարությունները, սպառնալիքները նորություն չեն, սակայն պետք էլ չի զգոնությունը թուլացնել:
«Ամեն դեպքում Ադրբեջանում իրավիճակն այնպիսին է, որ միջնաժամկետ կտրվածքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու Ադրբեջանի իշխանությունների կամքից անկախ էսկալացիոն երևույթներ կարող են նկատվել: Ադրբեջանում բնակվող էթնիկ ժողովուրդները ինչ-որ պահի դուրս են գալու առավել լայնամասշտաբ պայքարի, իսկ դա հղի է վտանգավոր` անվերահսկելի զարգացումներով»,- հավելեց Գ. Կարապետյանը:
Մյուս կողմից վերջինս նշեց, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հուշում է, որ միջազգային խաղացողների համար, Հարավային Կովկասում անկայուն իրավիճակը խիստ անցանկալի է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հենց այնպես չի կարող ինքնուրույն որոշումներով լուրջ քայլերի գնալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում