Սևաստոպոլ քաղաքում քաղաքացիական անձիք գրոհով վերցրել են ուկրաինական ռազմածովային ուժերի բազան
Այսօր առավոտյան Սևաստոպոլ քաղաքում շուրջ 150 քաղաքացիական անձիք ներխուժել են Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող ռազմաբազա: Նման տեղեկատվությամբ, ինչպես հաղորդում է «Ունիան» գործակալությունը, հանդես է եկել Ուկրաինայի Պնախարարության լրատվական կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
Վերջինիս խոսքերով, անհայտ անձիք նախ կոտրել են դարպասները, ապա մուտք գործել ռազմաբազայի տարածք, շտաբի տանիքին տեղադրված Ուկրաինայի դրոշը փոխարինել ռուսականով, իսկ բազայի ուկրաինական անձնակազմին արգելափակել շտաբի ներսում:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, միջադեպն անցել է առանց կրակոցների, տեղաբնակների նախաձեռնությամբ և առանց ՌԴ զինված ուժերի մասնակցության:
«Newsru.com» կայքը տեղեկացնում է, թե միջադեպից անմիջապես հետո ռազմաբազա է ժամանել ՌԴ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի հրամանատար, փոխադմիրալ Ալեքսանդր Վիտկոն, ով բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Ուկրաինայի ԶՈւ ադմիրալ Յուրի Իլյինի հետ: Բանակցությունների մանրամասները հայտնի չեն իսկ կողմերը հրաժարվել են մեկնաբանություններ տրամադրել: