Ալումյան. Սուրիկ Խաչատրյանը իր հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել (տեսանյութ)
Մի քանի լրատվամիջոցներին վերջերս տված իր հարցազրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում իր առանձնատան դիմաց տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գորիսի միջադեպի գործով Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Այդ հարցազրույցում փաստերի շատ լուրջ խեղաթյուրումներ կային: Մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանը յուրովի ներկայացրեց իր ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած իրադարձությունները` նշելով, որ ոչ մի բռնություն չի եղել, ուղղակի Ավետիք Բուդաղյանին իջեցրել են ավտոմեքենայից, քանի որ վերջինն իրեն պատշաճ չի պահել մեքենայի մեջ: Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած այս հատվածը տրամագծորեն հակասում է. իրականում Ավետիք Բուդաղյանի նկատմամբ ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել բռնություն, նրան վիրավորել են ու հարվածներ են հասցրել»,-ասաց Ալումյանը:
Ներկայացնելով Բուդաղյանների տեսակետը, փաստաբանն ասաց, որ այդ ամենի պատճառները եղել են տնտեսական հարցերը: Ավելին, Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցում հայտնած մտքերը որևէ աղերս չունեն նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքների հետ նույնիսկ:
«Իր նախաքննական ցուցմունքում նույնիսկ Սուրիկ Խաչատրյանն է ընդունում, որ հարվածել են Ավետիք Բուդաղյանին մեքենայի մեջ: Հարվածը հասցրել է թիկնապահը` Զարզանդը, բայց առանց Սուրիկ Խաչատրյանի ուղղակի կարգադրության, բոլորս հասկանում ենք, որ Զարզանդ Նիկողոսյանը հազիվ թե կարողանար իր նախաձեռնությամբ նման բան աներ», -նկատեց Ալումյանը:
Փաստաբանը վստահ է, որ Գորիսի միջադեպի գործը «բոլոր պարագաներում» գնալու է դատարան. «Բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, որ հանրությանը ցույց տանք, թե իրականությունը որն է»:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները