Արամ MP3. Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում
«Մեր երգն ունի սկիզբ, զարգացում, վերջում՝ հանգստություն, ինչպես սովորաբար լինում է ֆիլմերում: Մենք ավելի շատ շեշտը դրել ենք մարդու հոգեկան աշխարհի վրա: Երգը ստացված է, ինչի մասին են վկայում նաև այն արձագանքները, որ մենք ստանում ենք: Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում»,- ասուլիսում ասաց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին՝ խոսելով այն երգի մասին, որը պետք է ներկայացնի մրցույթում:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ին հանդես է գալու «Not alone» երգով: Երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ն, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը: Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը:
«Մենք որոշեցինք արծարծել սիրո թեման, քանի որ սերը չի ճանաչում տեղ, վայր: Փորձեցինք մի փոքր օրիգինալ լինել»,- ասաց նա:
Արամը նշեց, որ երգը գրվել է կես տարի առաջ, երբ նույնիսկ մտադրություն չեն էլ ունեցել մասնակցել մրցույթին: Իսկ թե ինչու ռիթմիկ երգ չեն ընտրել, երգիչն ասաց, որ չէին ցանկանում կրկնվել: Ինչ վերաբերում է մրցույթի ժամանակ ներկայացվող շոուին, Արամ MP3-ին ասաց, որ այն պետք է համահունչ լինի տեսահոլովակին, իր պրոֆեսիոնալիզմով չպետք է զիջի տեսահոլովակին:
«Բոլորիս նպատակն է, որ հաջորդ տարի մրցույթն անցկացվի Հայաստանում: Դրա համար ջանք չենք խնայում: Այժմ ամբողջությամբ ընդգրկված ենք աշխատանքային պրոցեսում: Պետք է ներկայանանք լավ, թեթև: Ինձ թվում է՝ կհայտնվենք առաջին հնգյակում»,- ասաց նա:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, եզակի տարիներից է, որ քիչ թե շատ զգում են հաղթանակի շունչը, թեև վաղ է խոսել, քանի որ շատ աշխատանք կա անելու. «Այժմ բուռն աշխատանքային պրոցեսում ենք գտնվում»:
Նա նշեց, որ նոր է վերադարձել Կոպենհագենից, որտեղ կայացել է մրցույթի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ժողովը:
«Այնտեղ ում հետ հանդիպում էի, ասում էին՝ ի՞նչ եք մտածում, մեծ շանսեր ունեք հաղթելու»,- ասաց Գ. Գասպարյանը:
Նշենք, որ հինգ օրում Արամ MP3-ի երգը մրցույթի youtube-յան ալիքում դիումների քանակով ամենաառաջինն է՝ ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանշային կայքեր առաջին հորիզոնականում են տեսնում Հայաստանի պատվիրակին:
2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր: Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Արամ MP3-ին հանդես է գալու հենց առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 6-ին:
Նշենք, որ նախքան մրցույթը, Արամ MP3-ին համերգային շրջագայություն է ունենալու ՌԴ-ում, եվրոպական երկրներում:
Նախորդող հրապարակումներ՝
Արամ MP3-ի «Not Alone» երգն արդեն դիտել է մոտ 600 հազար մարդ
«Եվրատեսիլ-2014»-ում Արամ MP3-ին հանդես է գալու «Not alone» երգով
Արամ MP3-ի մուտքը «Եվրատեսիլ»՝ «Պայքար սիրո համար» (տեսանյութ)
Ընտրվել է «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակցի երգը (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 6-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները