Այսօր Երջանկության միջազգային օրն է
«Օդից ոչինչ չի տրվում, այդ թվում նաև երջանկություն: Երջանիկ լինելու համար մարդ պետք է աշխատի իր վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ու խորհուրդ տվեց կլինիկական հոգեբան-հոգեթերապևտ Լաուրա Ավետիսյանը:
Ըստ նրա, երջանիկ լինելու ամենակարևոր նախապայմանն է՝ սիրել կյանքը, սիրել այն ամենը, ինչ կատարվում է քո շուրջ, գնահատել ինքդ քեզ:
«Երջանկությունը անհատական զգացողություն է, երջանկությունը ներքին վիճակ է, կախված չէ արտաքին պայմաններից: Իմ կարծիքով, մարդ ուղղակի որոշում է կայացնում իր համար, որ ուզում է լինել երջանիկ կամ չի ուզում լինել երջանիկ»,- նշեց հոգեբանը:
«Մարդկանց մեծամասնությունը մոտավորապես այնքանով է երջանիկ, որքանով երջանիկ լինելու վճռականություն ունի»,- ասել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ, երջանկությունը խիստ անհատական զգացողություն է:
«Յուրաքանչյուր մարդ իր կենսափորձն ունի և դրանք գնահատելով, մեկնաբանելով է առաջնորդվում: Երջանիկ լինելու համար որևէ դեղատոմս չկա»,- ասաց նա:
«Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում»,- ասել է գրող, հոգեբան Դեյլ Կարնեգին:
Այսօր Երջանկության միջազգային օրն է: Այն նշվում է առաջին անգամ: Որոշումն ընդունվել է 2012 թ. հունվարի 29-ին: Առաջարկությունը եղել է Բուտանի Թագավորության կողմից, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները: Սակայն չի հստակեցվել, թե Երջանկության միջազգային օրը ինչու է նշվելու հենց մարտի 20-ին: Գլխավոր վեհաժողովի բանաձևում նշվում է, որ կառավարություններին խորհուրդ է տրվում տոնը նշել «համապատասխան կերպով, այդ թվում` կրթական ծրագրերի օգնությամբ»:
«Այսօր ապրելը դժվարացել է: Մարդիկ նաև դժվար են ուրախանում»: «Այժմ կյանքը դառն է, տխուր է, դժվար է, ու մարդ պետք է փորձի թեկուզ մի փոքր, չնչին լավ լուրից ուրախանա»: «Դժվար է այսօր երջանիկ լինելը»: Մեր հասարակության մեծամասնության շրջանում նման հոռետեսական մոտեցումները գերակշռում են: Սակայն նրանց կողքին կան այնպիսի մարդիկ, ովքեր փորձում են նույնիսկ դժվարին պայմաններում իրենց երջանիկ զգալ:
«Իհարկե, դժվար է կյանքը, ողջ օրն աշխատում ես: Բայց պետք է նաև ուրախանաս ամեն մի, թեկուզ չնչին հաջողությունից, քո, բարեկամիդ, հարազատիդ, ընկերոջդ հաջողությունից, որպեսզի ապրելու ցանկություն ունենաս, որպեսզի դառն իրականությունը մի քիչ մոռացվի: Իսկ ընդհանուր առմամբ ասեմ՝ միայն այն, որ դու ապրում ես, երջանկություն է»,- մեզ հետ զրույցում ասաց երևանաբնակ 65-ամյա Սուրեն Ղազարյանը:
«Մի վազիր երջանկության ետևից. այն միշտ գտնվում է քո ներսում»,- ասել է մաթեմատիկոս և փիլիսոփա Պյութագորասը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները