Էրդողանն իր երախտագիտությունն է հայտնել Ալիևին` Նախագահի աշխատակազմի վարչության պետին աշխատանքից հեռացնելու համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և իր երախտիքն է հայտնել Ադրբեջանում նուրսիստների ցանցը գաղտնազերծելու համար: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքը՝ հղում կատարելով «Qafqazinfo.az»-ին:
Ըստ «Հաքքին.ազ»-ի` Էրդողանը նաև երախտագիտություն է հայտնել նախագահի աշխատակազմի վարչության պետին՝ «նուրսիստների իմամ» էլնուր Ասլանովին, աշխատանքից հեռացնելու համար: Նշվում է նաև, որ Էրդողանը ասել է, թե Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող «Հիզմեթ» կազմակերպությունը Թուրքիայի կառավարության վրա հարձակումների համար լայնածավալ կերպով օգտագործում էր իր ցանցը Ադրբեջանում:
«Ադրբեջանի նուրսիստների ցանցի ֆինանսական ռեսուրսների օգնությամբ Թուրքիայում ստեղծվել են մի քանի արդյունավետ ՀԿ-ներ, հետազոտական կենտրոններ, լրատվամիջոցներ և նույնիսկ մեկ համալսարան: Այդ կենտրոնները գործում են Ադրբեջանի պետական կազմակերպությունների և Երիտասարդության և Սպորտի նախարարության, ինչպես նաև Նախագահի աշխատակազմի Ռեսուրսների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ: Այս կառույցները աջակցում են «Հիզմեթ» կազմակերպությանը, ազդում են հասարակական կարծիքի վրա և ուղղում են այն Թուրքիայի իշխանությունների դեմ»,- ասել է Էրդողանը:
Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները պատրաստել են Ադրբեջանի կառավարության շարքերում գտնվող նուրսիստների, ինչպես նաև Թուրքիայում իրենց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ցուցակը, և շատ շուտով տեղեկատվությունը կտրամադրվի նախագահի աշխատակազմին:
Թուրքիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել նուրսիստների վնասազերծման գործընթացը Ադրբեջանում՝ նշելով, որ այն սկսվել է Էլնուր Ասլանովին աշխատանքից հեռացնելուց:
«Էլնուր Ասլանովը, գտնվելով Ադրբեջանի կառավարության անդամների շարքում, ի կատար էր ածում նուրսիստների հրամանները: Այնուամենայնիվ այն ուժը, որը կանգնած էր նրա հետևում, դեռևս չի վնասազերծվել: Նուրսիստների ցանցի ամբողջական լուծարումը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե այդ ուժը, ինչպես նաև պետական կառույցներում, հասարակական և լրատվական կազմակերպություններում իշխող այդ ուժի հետևորդները վնասազերծվեն»,- ասել է Էրդողանը:
Հղում կատարելով իր իսկ աղբյուրներին՝ «Հաքքին.ազ»-ը նաև նշում է, որ Նախագահի աշխատակազմի Քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության տրամադրման բաժինը, որի ղեկավարը Էլնուր Ասլանովն էր, փակվել է: Ըստ տեղեկատվության՝ այդ բաժինը միացվել է Նախագահի աշխատակազմի Քաղաքական- հասարակական բաժնին, որի ղեկավարը Ալի Հասանովն է:
Ադրբեջանական «Մինվալ.ազ» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էլնուր Ասլանովի աշխատանքից հեռանալուց հետո նրա ղեկավարության տակ աշխատող կայքերը նույնպես անցել են Ալի Հասանովի վերահսկողության տակ:
Միևնույն ժամանակ, ըստ տեղեկատվության, հետևյալ ռուսալեզու լրատվական գործակալությունները ՝ «1news.az», «Тrend»,ինչպես նաև «Baku Post» թերթը այլևս ղեկավարելու է «Тrend» լրատվական գործակալության տնօրեն Իլգար Հուսեյնովը: Կայքը նշում է, որ մի շարք ԶԼՄ-ներ վերջերս գրում էին, որ Էլնուր Ասլանովի և Ալի Հասանովի միջև պայքար էր ընդանում ԶԼՄ-ների նկատմամբ ազդեցության և երիտասարդական կազմակերպությունների վերահսկողության համար:
«Ասլանովը վերահսկում էր նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը և պետական երիտասարդական կազմակերպություն «Իրելին»: Բացի այդ Ասլանովի վերահսկողության տակ էին գտնվում իշխանության առաջատար կայքերը»,-գրում է պորտալը:
Նշենք, որ «Յենի Մուսավաթ» թերթը, հղում կատարելով սոցիալական ցանցի աղբյուրներին, տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանը տրամադրել են Իլհամ Ալիևի աշխատակազմում և Ադրբեջանի կառավարությունում աշխատող այն բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը, ովքեր նուրսիզմ աղանդի անդամ են, կամ որևէ կապ ունեն դրա հետ:
Ֆեթուլլահ Գյուլենի աղանդավորական խմբավորման կողմից հավաքագրված պաշտոնյաների ցուցակում հայտնվել են Նախագահի աշխատակազմի վարչության պետ Էլնուր Ասլանովը, «SOCAR»-ի փոխնախագահ Խալիգ Մամեդովը, Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի ղեկավար Էլշադ Իսկանդերովը, փոխնախագահ Գյունդուզ Իսմայլովը, Երիտասարդության և Սպորտի փոխնախագահ Ինթիգամ Բաբաևը, պատգամավոր Ջեյհուն Օսմանլին, նախագահին կից Ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, Երիտասարդության ֆոնդի ղեկավար Ֆարհադ Հաջիևը: Մարտի 17-ին Էլնուր Ասլանովը հեռացվել է Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի Քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության տրամադրման վարչության ղեկավարի իր պաշտոնից:
Հիշեցնենք, որ նուրսիստների աղանդավորական ուղղության ղեկավարն է թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը: Լինելով մեդիամագնատ՝ նա նաև աշխարհի տարբեր մասերում գտնվող մեծ արդյունաբերական և ֆինանսական ընկերությունների սեփականատեր է: Գյուլենին է պատկանում դպրոցների և ուսումնական հաստատությունների մի մեծ ցանց: 1998թ.-ին Գյուլենը մեղադրվել է Թուրքիայում գործող աշխարհիկ ռեժիմը տապալելու փորձի մեջ: Հենց այդ ժամանակ պատժիչ խուսափելու համար արտագաղթել է ԱՄՆ: Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գլուխ գալու հետ մեկտեղ բոլոր մեղադրանքները հանվել են նրա վրայից: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին և Արդարություն և զարգացում կուսակցությանը մեղադրում են Գյուլենի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Ըստ տարբեր աղբյուրների՝ մոտ հինգ միլիոն մարդ Թուրքիայում և արտերկրում (հատկապես Կենտրոնական Ասիայում և Ադրբեջանում) ներգրավված են Գյուլենի շարժման մեջ:
Նշենք, որ որոշ երկրներում, հատկապես Ռուսաստանում Գլուլենի «Նուրջուլար» (կամ «նուրսիստներ») շարժումը արգելված է, իսկ դրա հետևորդները ծայրահեղականության տարածման մեղադրանքներով ենթարկվում են քրեական պատասխանատվության: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում գտնում են, որ շարժման հետևորդները Թուրքիայի համար հետախուզական աշխատանք են իրականացնում և կապեր են հաստատում Հյուսիսային Կովկասի ահաբեկիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում