Ցավալի է, որ Հայաստանը նման հայտարարություն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը ցավ է հայտնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ: Այսօր` «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհրդաժողովի ժամանակ, նա, մասնավորապես, հայտարարել է. «Ցավալի է, որ Հայաստանը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նման հայտարարություն է արել»:
ԱՄՆ դեսպանը չի հստակեցրել, թե «նման»` ինչպիսի:
Նա նաև անդրադարձել է ուկրաինական դեպքերին հաջորդած ժամանակագրությանը և ասել, որ ամերիկյան կողմը մշտապես կապի մեջ է եղել ռուսական կողմի հետ:
«Լավրով-Քերի բանակցություններ էին ընթանում, բազմաթիվ հեռախոսազրույցներ են կայացել Պուտինի և Օբամայի միջև: Մենք լսում էինք ռուսական կողմին, առաջարկում խաղաղ լուծման տարբերակներ», -նշել է դեսպանը: