ՀԺԿ-ն համագումար կանի
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մայիսի 16-ին նախատեսում է համագումար անցկացնել: Այն տեղի կունենա հենց կուսակցության գրասենյակում:
ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է. «Համագումարում ներկայացվելու են հաշվետվություններ, լինելու են ընտրություններ՝ խոսքը կուսակցության ղեկավար կազմի ընտրությունների մասին է»:
Մինասյանը նաև նշել է, որ ղեկավար կազմում կլինեն փոփոխություններ, թարմացումներ, սակայն փոփոխությունները արմատական չեն լինի:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը փոխարինվի, Մինասյանը պատասխանել է. «Այս պահին նա անփոխարինելի է»:
ՀԺԿ քարտուղարից թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե պատրաստվու՞մ են արդյոք ԲՀԿ-ին ևս հրավիրել համագումարին, ինչին Մինասյանը արձագանքել է. «Դեռ շուտ է այդ մասին խոսելը, այս պահին որևէ մեկին չենք հրավիրել: Դեռևս դա չի քննարկվել»: