«Լարկո գրուպ» շինարարական ընկերությունը տուգանվել է
Սայաթ-Նովա 10, 12 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնող «Լարկո գրուպ» ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնի (սանէպիդկայան) կողմից 100 հազար դրամով տուգանվել է:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանից:
«Օդի և ձայնի, աղմուկի ազդեցությունը մարդկանց վրա շատ է եղել, ինչի համար էլ մենք դիմում էինք գրել և Կենտրոն վարչական շրջանը վարույթ է հարուցել, տուգանել է»,- լրացրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սայաթ -Նովա 10, 12 շենքերի բնակիչները պահանջում են դադարեցնել «Լարկո գրուպ»-ի կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: Քանի որ շենքը կառուցվելու դեպքում քաղաքացիների բնակարաններ լույս չի մտնելու, բացի այս փակվելու է դեպի իրենց շենքեր տանող հրշեջ և շտապօգնության մեքենաների ճանապարհը, ավելին՝ թուլացնելու է իրենց շենքերի սեյսմակայունությունը: Ի դեպ, այս գործով այսօր ՀՀ վարչական դատարանում կայանալու է դատական առաջին նիստը: