Բժշկականից դուրս մնացած 90 ուսանողները վերականգնման հնարավորություն ունեն, բայց…
Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անբավարար առաջադիմություն ցուցաբերած 90 ուսանող ենթակա է հեռացման: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ բուհի գնահատման համակարգը իջեցվել է և 50-ի փոխարեն` սահմանվել 40:
Մեր հարցմանն ի պատասխան, նա ներկայացրել է բուհում այդ ուսանողների` ուսումը շարունակելու հետագա հնարավորությունները:
Մհեր Ղազարյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ գործում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման և վերականգնման կարգը», ըստ որի, ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունվածների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուստարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը` վերահանձնելով առարկաները ևս երկու անգամ կամ կրկնելով դրանք:
Ուսանողների վերականգնման ընթացակարգով ուսվարձը հաշվվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով: Ուսանողի հետ կնքվում է նոր պայմանագիր:
Panorama.am-ը Բժշկական համալսարանից դուրս մնացած ուսանողներից մեկից փորձեց պարզել իրենց հետագա անելիքները: Ուսանողը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առարկաները կրկնելու կարգը ընդամենն ուսանողներից հավելյալ գումարներ վերցնելու միջոց է:
«Դա ուղղակի հավելյալ գումար վերցնելու տարբերակ է: Շատ է լինում, որ վճարում են գումարը, գնում են կրկնելու առարկաները, դասեր էլ չեն անում նորմալ, ուղղակի հետո նշանակում են: Իրենց ձեռնտու է, որ անընդհատ դուրս մնան, անընդհատ վերականգնվեն և այդ դասընթացներից օգտվեն: Նախորդ տարիներին ֆինանսական խնդիրներ ուներ բուհը, դուրս չէին թողնում: Այդ ժամանակ չէի՞ն մտածում, որ բժիշկը լավ պետք է սովորի: Անցյալ տարի նույնիսկ չորրորդ լուծարքի հնարավորություն է եղել»,- ասաց ուսանողը:
Նրա խոսքով, մեկ այլ խնդիր էլ կա. «Հիմա ուշացնում են հրամանները, մենք էլ ուրիշ բուհ չենք կարող տեղափոխվել: Բացի այդ, մեր ինստիտուտի կանոնակարգով, թեստերի մեջ բացառության սկզբունքով հարցերում չորսից ավելի տարբերակ չպետք է լինի: Իսկ մեր թեստերում շատ կային այդպիսի հարցեր: Մենք չգիտեինք, որ այդպիսի բան կա, դուրս մնալուց հետո իմացանք: Նման դեպք եղել է հիմա սովորողների հետ, իրենք բողոքարկել են, միավորները բարձրացվել են: Բայց չգիտեինք, չենք բողոքարկել: Օրինակ, իմ դեպքում էլ, շատ վատ եղավ: 39 հարց գրեցի, ժամանակս ավարտվում էր, խնդրեցի, որ ժամանակ տան, մեկ հարց էլ գրեմ, դուրս չթողնեն, բայց չթույլատրեցին: Իրենց ձեռնտու է այս իրավիճակը»:
Ուսանողը նշեց, որ իրենք դեռ վստահ չեն` ինչ են անելու` կրկնե՞ն առարկաները, թե՞ կտեղափոխվեն այլ բուհ:
Նախորդիվ`
ԿԳՆ. Բժշկական համալսարանի 93 ուսանողների համար բացառություն չենք անի
Ահազանգ Բժշկական համալսարանից. մոտ 93 ուսանող դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա