Ռազմական փորձագետ. Ադրբեջանը ուժի ցուցադրմամբ է զբաղված
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ՊՆ-ն մտադիր է ավելացնել զորամասերի թիվը, ինչը պայմանավորված է նոր զինատեսակների ու ռազմական տեխնիկայի ձեռք բերմամբ:
Ռազմական փորձագետ Սամվել Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ որպես կանոն զորամասերի տեղակայման, թվի ավելացման կամ բաժանման մասին տեղեկատվությունը գաղտնի բնույթ է կրում:
«Եթե այդ տեղեկատվությունն Ադրբեջանը պաշտոնական մակարդակով բարձրաձայնում է, ապա դա երկու բանի մասին է խոսում` կամ ոչ պրոֆեսիոնալիզմի կամ ուժի ցուցադրման: Հաշվի առնելով վերջին 2 տասնամյակում, Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը նման տեղեկատվությամբ ավելի շատ ուժի ցուցադրման խնդիր է լուծում»,- ասաց նա:
Նրա խոսքերով, Ադրբեջանը վերջին տարիներին բավականին շատ սպառազինություն ու ռազմական տեխնիկա է կուտակել ու նա ամեն ինչ անում է, հնարավոր բոլոր միջոցներով, այդ ձեռքբերումները ի ցույց դնելու համար:
«Սակայն նոր տեխնիկան, զորամասերը ենթադրում են նոր մասնագետներ, կադրեր, որոնք հնարավոր չէ ժամկետային զինծառայողներով ապահովել: Ավելին, կան կոնկրետ թվեր` զորակոչման, իսկ Ադրբեջանում այդ թիվը չի մեծացել: Ակնհայտ է, որ հրապարակված տեղեկատվության մեջ ինչ-որ բան այն չէ, մյուս կողմից պարզ է, որ Ադրբեջանը ևս մեկ ձևով փորձում է ցույց տալ իր մեծաքանակ սպառազինությունը»,- հավելեց Սամվել Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում