Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն բարձր է գնահատել ՀՊԵՆ-ի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը
Մարտի 19–ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում: Համերգը ղեկավարել է դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:
Երեկոյի ընթացքում հնչել է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝ Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) և Սաշա Չանոյ (բաս): Բեմում էին նաև Լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախբմերը:
Մաեստրո Մարչիանոն, ով աշխատել է մի քանի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ներառյալ Ջորջ Էնեսկու Ֆիլհարմոնիկը, բարձր է գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնել նվագախմբին հիանալի աշխատանքի համար:
Սա երիտասարդականի առաջին համերգն էր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում: Առջևում դեռ սպասվում է երեք գեղեցիկ համերգ: Մարտի 21-ին Էմիլ Բուստանի համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի»-ին, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը», մենակատար` Անտոնիո Մենեսես (թավջութակ) և Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել «Ալ Բուստան» միջազգային փառատոնից հանդես է գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Համերգային ծրագիրը ներառում է դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ:
Նշենք, որ փառատոնին նվագախմբի մասնակցությունը իրական է դառնում գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: