«ArmInfo». ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ չի ստացել
«Այս պահի դրությամբ դեսպանությունը Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ չի ստացել»: Այս մասին «ArmInfo» գործակալությանը հայտնել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը` մեկնաբանելով Հայաստանից և Ղազախստանից Ուկրաինայի դեսպաններին հետ կանչելու հնարավորության վերաբերյալ ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումները` Ղրիմի հանրաքվեի նկատմամբ այդ երկրների դիրքորոշումների առնչությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ նա նաև ասել է. «Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը լիարժեք աշխատում է, սակայն` էքստրեմալ պայմաններում: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ երկրում ենք աշխատում, և ինչ դեր է այն խաղում Ռուսաստան-Ուկրաինա-Հայաստան եռանկյունում: Մենք նաև հիանալի գիտակցում ենք, թե ինչ պայմաններում և ինչպիսի ճնշման ներքո է գործում Հայաստանի ղեկավարությունը»:
Հիշեցնենք այսօր Ուկրաինայի խորհրդարանի «Սվոբոդա» խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Հայաստանում և Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին կամ այս երկրների դիվանագետներին հրավիրել Ուկրաինայի ԱԳՆ` բացատրություն տալու այս երկրների կողմից Ղրիմի հանրաքվեն ճանաչելու մասին հայտնված տեղեկության վերաբերյալ:
Նախորդիվ`
Ուկրաինական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից