Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. դեսպան
«Ուկրաինան շատ խաղաղ պետություն է այդ պատճառով Ղրիմի նկատմամբ որևէ ռազմական գործողություն չի նախատեսվում»,-«Առավոտ»-ի թղթակցի հարցին՝ պատերազմի վտանգ տեսնու՞մ է՝ հատկապես այն պարագայում, որ Ռուսաստանն անընդհատ սադրանքների է դիմում Ուկրաինայի նկատմամբ, այսպես է պատասխանել ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Նա շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի, Ղրիմի ներկայացուցիչների հետ ու մանրամասնել է. «Կիևը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ, վերանայել Ղրիմի լիազորությունների ընդլայնման հարցը: Կարծում եմ՝ դա ճիշտ է: Դիվանագիտական ջանքերն առայժմ իրենց չեն սպառել»:
Մի շարք վերլուծաբաններ նշում են, թե Ուկրաինան խաբված է Արևմուտքի կողմից, քանի որ Մայդանի գործողությունները, երբեմն, ուղղորդվում էին Արևմուտքի կողմից, բայց մինչ այժմ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն այդպես էլ չեն կիրառվում: Այս հարցին, Ուկրաինայի դեսպանն այսպես է արձագանքել. «Եթե ես իշխեի աշխարհին, այդ ժամանակ կկարողանայի պատասխանել այդ հարցին»: