Գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, տարին առայժմ խոստումնալից է
Հանրապետությունում մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Եղանակային բարենպաստ պայմանների պատճառով, այս տարի այդ աշխատանքները սկսվել են ավելի վաղ: Այսպիսով, բնակլիմայական պայմանները, առայժմ նպաստավոր են գարնանային աշխատանքների համար և գյուղատնտեսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտավայրում արդեն կատարվում են այգեբացի աշխատանքներ, ընթացքի մեջ են խաղողի վազերի այգեբացի, պտղատուների էտի ձևավորման, ծառերի բների մաքրման և սպիտակեցման աշխատանքները: Արարատյան դաշտավայրում այգեբացի աշխատանքներին զուգահեռ սկսվել է նաև վաղահաս կարտոֆիլի ցանքը:
«Կարելի է ասել, որ տարին մոտ 10-12 օր առաջ է ընկել, իհարկե, հնարավոր է, որ հետագայում այդ տարբերությունը վերանա, սակայն ճիշտ ժամանակն է սկսելու գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Այս պահի դրությամբ այդ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքերով` նախարարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում գարնանացանն ավելի կազմակերպված անցկացնելու, սերմացուն, պարարտանյութն ու դիզելային վառելիքը ժամանակին մատակարարելու ուղղությամբ:
Ըստ Գ.Պետրոսյանի` Ռուսաստանից ամեն օր նոր խմբաքանակով սերմացու է ներկրվում Հայաստան. այսօրվա դրությամբ ներկրվել է 656 տոննա գարնանացան գարու, 20 տոննա` առվույտի և 40 տոննա` կորնգանի սերմացու: Սերմացուի բաշխումը կկատարվի ըստ գոտիների, մասնավորապես, առաջին հերթին այն կտրամադրվի ցածրադիր, հետո` նախալեռնային և բարձադիր գոտիներին:
«Սերմացուի տեղափոխումը կատարվեց շատ սեղմ ժամկետում, ուշացում չկա և այն աստիճանաբար տրամադրվում է գյուղացիական տնտեսություններին»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ կներկրվի նաև եգիպտացորենի սերմացու, որը Հայաստանում կլինի առաջիկա 5-10 օրվա ընթացքում:
Ապրիլի 20-ից հետո հանրապետությունում կսկսվեն եգիպտացորենի ցանքի աշխատանքները, իսկ բաց գրունտային հատվածներում բանջարեղենի սածիլացումը` ապրիլի 25-ից:
Գ.Պետրոսյանը նշեց նաև, որ արդեն 10 օր է հանրապետությունում սկսվել է ազոտական պարարտանյութի ներմուծման և բաշխման աշխատանքները: Ընդհանուր առմամբ` ներմուծվել է ավելի քան 5 հազար տոննա պարարտանյութ: Ակնկալվում է, որ ապրիլի 10-ից կսկսվի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ներմուծումը:
«Այս պահի դրությամբ լավատեսական կանխատեսումների համար ունենք բոլոր հիմքերը, բայց բնության դեմ անզոր ենք, և տա Աստված, որ կլիման մեզ անկնկալներ չմատուցի: Դեռ առաջիկա մեկ ամիսը համարվում է վտանգավոր ժամանակահատված, եթե մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում եղանակային կտրուկ փոփոխություն, ցրտահարություն չլինի, կարծում եմ, որ տարին բավականին խոստումնալից կլինի»,- ընդգծեց Գառնիկ Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները