Ֆինանսների նախարարի՝ Մոսկվա կատարած այցի համար 2 մլն դրամ է հատկացվել
«Ժամանակ»-ը գրում է. «Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Նրա այցը վարչապետի որոշմամբ գնահատվել է 2 մլն դրամ՝ մոտ 5 հազար դոլար: Թե Դավիթ Սարգսյանը 5 հազար դոլարը Մոսկվայում ինչպես է ծախսելու՝ հայտնի չէ, սակայն անհավանական է, որ 2-օրյա գործուղման ծախսերը 5 հազար դոլար արժենան:
Տևական ժամանակ է, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է շռայլության հարկ սահմանելու անհրաժեշտության մասին: Թերևս, անտեղի չի լինի, եթե կառավարությունը շռայլության հարկ գանձի պաշտոնյաների գործուղումներից:
Ըստ կառավարության՝ ֆինանսների նախարարը մարտի 20-21-ը Մոսկվա է գործուղվել պաշտոնական այցով՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՌԴ-ից պետական ֆինանսական վարկերի ներգրավման պայմանների շուրջ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով»: