Կ.Քոչարյանը չի հասկանում, թե ինչպես է քառյակը հասնելու փոփոխությունների
«Այսօրվա դրությամբ քառյակի առջև կոնկրետ մի հարց է դրված` կառավարության հրաժարական: Ընդ որում երկու ուժը պահանջում են կառավարության հրաժարականը, իսկ երկուսը ընդհանուր իշխանափոխություն` ընդհուպ մինչև նախագահի հրաժարական: Եվ այս գործընթացի առանցքը ԲՀԿ-ն է` Գագիկ Ծառուկյանը»,- այսօրվա ասուլիսում պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչ սպասելիքներ ունի ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի համաձայնության գալուց, նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Վերջինս, սակայն, նշեց, որ մինչև ապրիլի 28-ը ժամանակ կա տեսնելու` ստացվեց, թե չստացվեց ուժերի ծրագրածը, առավել ևս, որ Հայաստանում դեպքերը, սովորաբար, կարող են նաև մեկ օրում կտրուկ փոխվել` ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կարևոր հարցերում:
Հարցադրմանը` ինքը տեսնում է, որ ուժերը իսկապես ուզում են ինչ-որ բան փոխել երկրում, բանախոսն ասաց, որ վերջին տասնամյակի հայաստանյան ընդդիմության խնդիրը նրանում է, որ առաջարկում են փոփոխություն, սակայն չեն ասում հանուն ինչի. «Փոփոխություն, որ մե՞նք գանք նստենք, թե փոփոխություն որ լավ լինի: Թեև, այո, թղթի վրա ասվում է, որ խնդիրներ կան և այլն: Պահանջում են ու հիմնվում են ժողովրդի բավականին լուրջ դժգոհության վրա, ինչը լրիվ նորմալ է: Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են հասնելու դրան. ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, և ՀՀԿ-ի հռետորաբանությունից ես առայժմ չեմ տեսնում, որ նրանք պատրաստ են փոխզիջման և չորս ուժերի հետ կառավարություն ցրել, նորը ձևավորել: Ավելին` ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն համաձայնվի փոխել կառավարությունը և կամ ոչ ՀՀԿ-ական այն ձևավորել… այս մեխանիզմները ինձ համար դեռ անհասկանալի են»,- հայտարարեց Կ.Քոչարյանը:
Նա նաև ավելացրեց` եթե ամեն բան գնա այնպես, ինչպես ասում է ԲՀԿ-ն, այսինքն` առանց ցնցումների, բանակցային ճանապարհով, լավ կլինի, իսկ եթե դուրս են գալիս փողոց, ապա դա այլ խնդիր է և ամեն ինչ էլ կարող է լինել:
Կ. Քոչարյանին հիշեցրեցինք, որ հենց երկու օր առաջ ՀԱԿ խմբակցությունում կայացած հանդիպմանը որոշում է կայացվել նաև դուրս գալ փողոց` համատեղ հանրահավաքներ և այլ միջոցառումներ անցկացնել: Բայց բանախոսը նշեց, որ այս պահի դրությամբ ամենաազդեցիկ հանրահավաքներն անում է «Դեմ! եմ» շարժումը, որին ուզում են միանալ չորս ուժերը, բայց «Դեմ! եմ»-ը դեմ է դրան, առավել ևս այն թելադրանքին, թե ով պետք է լինի հանրահավաքում, ելույթ ունենա և այլն:
«Տեսնենք ինչպես կզարգանա: Այսօր խնդիր կա հանրային ակտիվ հատվածները իրենց կողմը քաշելու և առայժմ սա առանձին հասարակական բևեռ է, որն ամենաակտիվն է: Այսօր քաղաքական հատվածում ես ակտիվություն չեմ տեսնում»,- հավելեց նա` մատնանշելով ևս մեկ խնդիր, թե արդյո՞ք «Դեմ! եմ» շարժումը կշարունակի մնալ միայն քաղաքացիական ակտիվության տիրույթում, թե կքաղաքականացվի: