Րաֆֆի Հովհաննիսյան. Պատրաստ չենք առանց արդյունքի «էշ նահատակ» տալու (տեսանյութ)
Մինչև հիմա չի կայացել չորս ուժերի ղեկավարների հավաքը, որը իմ և մյուսների կարծիքով, թույլ կտա որոշ տարաձայնություններ հաղթահարել և վերջապես խոսել չորսի ձևաչափի մասին,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` շեշտելով, որ ցանկանում է, այդ հանդիպումը շուտ տեղի ունենա և լինի հրապարակային:
Այն հարցին, թե ինչու էր իր և Գագիկ Ծառուկյանի վերջերս տեղի ունեցած հանդիպումը գաղտնի եղել, այլ ոչ գրասենյակում` «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշեց, որ այն ինչ ինքն ասում է հրապարակավ, ասել է նաև այդ հանդիպման ընթացքում:
«Ես չեմ կարող պարոն Ծառուկյանի կողմից մեկնաբանել իր դիրքորոշումները: Հանդիպման ժամանակ կային որոշակի տարբերություններ, կային նաև շատ ընդհանրություններ: Երկու կողմերը համաձայնեցին շարունակել այդ հաղորդակցության շարանը»,-ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց, որ ինչ-որ կա այսօր ընդհանուր հայտարարն է և վարչապետ, նախարար, թե մեկ այլ չիովնիկ փոխելով երկրի վիճակը չի փոխվի, պետք է արմատական փոփոխություն:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Պուտինի հեռախոսազրույցին, Րաֆֆի Հովհաննիսյանն այն ժամանակավրեպ համարեց և շեշտեց, որ այն չի բխում Հայաստանի շահերից:
«Ժառանգության» ղեկավարը նաև տեղեկացրեց, որ վաղը իրենք ներկա կլինեն «Դեմ եմ»-ի ցույցին, իսկ մյուս ուրբաթ` մարտի 28-ին Ազատության հրապարակում կկազմակերպվի հանրահավաք, որը կլինի ոչ թե «Ժառանգության» հանրահավաքը, այլ բոլոր այն ուժերինը, ովքեր կցանկանան մասնակցել:
Լրագրողների այն հարցին, թե սպասվելիք հանրահավաքը ինչպիսին կլինի, արդյոք նախկինի պես կդառնա վրանային, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա ես ավելի շատ կհամարեմ հանրային նախահավաք, որը հետագայում կունենա իր շարունակությունը: Ակնկալում եմ, որ ներկա կլինեն մեր երիտասարդները, քաղաքական ուժերը և քաղաքացիական հոսանքները»:
Ր. Հովհաննիսյանի նկարագրությամբ` պայքարը պետք է լինի շարունակական և պետք է հավատալ դրան. «Զոհողության բոլորս պատրաստ ենք, բայց պատրաստ չենք առանց արդյունքի «էշ նահատակ» տալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան