Կրթություն` ՌԴ-ում. «Անվտանգության և հարմարավետության առումով ձեռնտու են շրջանների բուհերը»
ՀՀ ԿԳՆ-ն և Ռոսսոտրուդնիչեստվոն հայտարարում են ռուսական բուհերում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթության համար օտարերկրյա քաղաքացիների ընդունելության մեկնարկի մասին:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար և Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը հայտնեց, որ հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը:
«ՀՀ քաղաքացիություն ունեցող 208 ուսանողների համար տեղ է հատկացված: Ընդունելությունը կլինի երեք փուլով, այս տարի միասնական պատուհան է գործում փաստաթղթերի ընդունման համար: Փաստաթղթերի ընդունումից հետո թեստավորում կլինի, ապա տեղի կունենա մասնակիցների ընտրություն: Միջին գնահատականների վրա է ուշադրություն դարձվելու, կարևոր է, որ 3 գնահատական չունենան: Հարկավոր է նաև ռուսերով ավտոռեֆերատ և օտար լեզվի քննություն հանձնել: Ուսանողը մինչև վեց բուհ կարող է նշել, որտեղ ցանկանում է սովորել: Ռուսաստանում սովորելու ծրագիրն անվճար է, բոլոր ուսանողները կրթաթոշակ կստանան ապրելու և հանրակացարանի համար և անվճար կսովորեն ընդունված բուհերում»,- մանրամասնեց Մարկ Կալինինը:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ և համատեղ Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ:
«Այս ծրագիրն արդեն ավանդական է դարձել և իրականացվում է միջկառավարական համաձայնագրով»,- ասաց նա` հավելելով, որ տարիքային սահմանափակում գոյություն չունի:
ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը հույս հայտնեց, որ այս ծրագիրը կնպաստի, որ ՀՀ-ում լավ մասնագետներ հայտնվեն, որոնք կաշխատեն երկրի բարօրության համար:
Մարկ Կալինին էլ հավելեց, որ նախորդ տարի Հայաստանի ուսանողները մեկնել էին սովորելու Ռուսաստանի 70 շրջաններ: Նրա բնորոշմամաբ, անվտանգության և հարմարավետության առումով ավելի ձեռնտու են շրջանների բուհերը:
«Ոմանք մեկնել էին սովորելու կենտրոնական բուհերում` մոսկովյան և պետերբուրգյան: Սակայն ՌԴ-ում ոչ պակաս հզոր շրջանային բուհեր գոյություն ունեն: Սփյուռքը, որ կա Ռուսաստանում, միշտ աջակցում է ուսանողներին, և այդ տեսակետից, Տուլայում կամ Տամբովում սովորելն երբեմն ավելի ձեռնտու է: Մոսկվայում կյանքն ավելի թանկ է, անվտանգության հարցեր էլ կարող են առաջանալ: Շրջաններում կան լավ հանրակացարաններ, ճանապարհների խնդիր չկա և այլն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՌԴ-ում ընդունված կարգի համաձայն, քաղաքացիություն ստանալիս առավելություն է տրվում ռուսական բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքին և արդյո՞ք, Ռուսաստանը որևէ շահագրգռվածություն ունի այս համատեքստում, Մարկ Կալինինը պատասխանեց. «Իսկապես, այն մարդիկ, ովքեր ունեն բարձրագույն ռուսական կրթոթյուն, ավելի հեշտ են ստանում քաղաքացիություն: Բայց այս ծրագիրը դրա համար չի արվում, ուղղված է ՀՀ տնտեսությանը, մասնագետների պատրաստման պատվիրատուն ՀՀ ԿԳՆ-ն է»:
Նա ընդգծեց, որ կոնկրետ պահանջարկով մասնագետներ են պատրաստվում, ինչը նշանակում է, որ այդ քաղաքացիները պետք է վերադառնան և աշխատեն այստեղ:
Բանախոսները հավելեցին, որ ընդունելության քվոտան 100 տոկսոս հավաքվում է:
Կարդացեք նաև`
ՌԴ բուհեր ընդունվելու միասնական պետական քննություններ` ԱՊՀ ուսանողների համար. Քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա