Ռազմական փորձագետ. Ադրբեջանը շարունակում է զինվել
Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն, Ադրբեջանը սպառազինությունների հիմնական տեսակների ներկրման ծավալներով երկրորդ երկիրն է Եվրոպայում: Ըստ զեկույցի, 2009-2013 թթ-ին Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը 378 տոկոսով ավելացել է:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն անդրադառնալով այդ փաստին Panorama.am-ի հետ զրույցում նշեց. «Առավել մտահոգիչ է այն, որ 2004-2008 թթ-ի հետ համեմատ, 2009-2013 թթ-ին Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը 378 տոկոսով ավելացել է: Այս փաստը մենք կարող ենք դիտարկել տարբեր տեսանկյուններից:
Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանական կողմը անտեսելով միջազգային հանրության կոչերը շարունակում է զինվել ի հաշիվ իր նավթային դոլարների: Անկախ ամեն ինչից սպառազինման նման տեմպերը մտահոգիչ են և անհանգստանալու լուրջ տեղիք են տալիս, մանավանդ, եթե ինչ որ մի պահի ադրբեջանական արկածախնդիր իշխանությունները անտեսելով ամեն ինչ լայնածավալ մարտական գործողություններ սկսեն հայ-ադրբեջանական ռազմաճակատի ողջ գծով»,- ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ անկախ արդյունքից, մարտական գործողությունների վերսկսումը կբերի մեծաքանակ կորուստների. «Ցավալին, երևի թե այն հանգամանքն է, որ եթե հայկական կողմի համար յուրաքանչյուր զոհված զինծառայող կամ խաղաղ բնակից չափազանց ծանր կորուստ են համարվում, ապա ադրբեջանական կողմը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքի վրա:
Երկրորդ հարթությունը, որում մենք կարող ենք դիտարկել ադրբեջանական կողմի այս հսկայածավալ սպառազինումը ավելի շատ տրամաբանական հանգեցումների արդյունք է: Հայկական կողմը տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց շուրթերով բազմիցս բարձրաձայնել է, որ եթե իրոք Ադրբեջանը լիներ այդքան ուժեղ, ապա վաղուց արդեն վերսկսել էր պատերազմը մեր դեմ: Հետևաբար, պիտի հասկանանք, որ ադրբեջանական կողմը ինքն էլ գիտակցելով այս հանգամանքը ավելի ու ավելի է մեծացնում իր ռազմական բյուջեն և ավելի մեծ ծավալների հասցնում սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը` փորձելով համոզել ինքն իրեն և իր սեփական ժողովրդին, որ հայկական կողմի պնդումները իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
«Այստեղ, սակայն, կա ևս մեկ հետաքրքիր դիտարկում: Ստացվում է մի իրավիճակ, որ կարծես թե, ադրբեջանական կողմը անընդհատ մեծացնում է սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը վախից: Ադրբեջանական կողմը դեռևս չի կարողացել թոթափել պարտվածի հոգեբանությունը և նրա մեջ առկա է ևս մեկ անգամ պարտություն կրելու վախը: Հենց այդ վախն է, որ ստիպում է նրան ավելի ու ավելի շատ քանակությամբ զենքեր գնել և այդ պարտված երկրի վախն է, որ հնարավորություն չի տալիս ադրբեջանցիներին հանգիստ ապրել իրենց երկրում»,- եզրափակեց ռազմական փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան