Մակարյան. Պարտադիր կուտակայինը գործատու և աշխատող հարաբերություններում սեպ է խրում
«Ինչպես ցանկացած բարեփոխում, այնպես էլ կենսաթոշակային բարեփոխումները ևս կառավարության կողմից պաշտպանվում են, մինչդեռ դժգոհությունները մեծ են, քանի որ քաղաքացիները չեն վստահում կառավարությանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, ապա, ըստ նրա, այն վնասում է ոչ միայն աշխատողին, այլ նաև գործատուին:
«Կուտակայինը հարկի նման մի բան է դարձել, քանի որ կենսաթոշակային ֆոնդերին համապատասխան փոխանցումներ չկատարելու դեպքում գործատուի հանդեպ կիրառվում են գրեթե նույն տույժերը, ինչ որ հարկեր չվճարելու դեպքում: Բացի այդ, չվճարված գումարների չափով կարող են կալանք դնել գործատուի գույքի վրա, որը համարժեք է հարկային օրենսդրությամբ` հարկերը չվճարելու տուգանքներին», - ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով` գործատուն հարկեր է վճարում ձեռնարկատիրական գործունեության համար, ստեղծում է աշխատատեղեր, պայքարում ձևակերպված աշխատատեղերի համար և վճարում աշխատավարձեր, իսկ պետությունն ասում է՝ աշխատողին վճարած գումարները հավաքի և տուր մեզ:
«Այստեղ հարց է առաջանում, ինչո՞ւ պետք է գործատուն կատարի այդ գործառույթը, որն իրենը չէ: Սա գործատու և աշխատող հարաբերություններում սեպ է խրում: Սա բացարձակապես սխալ մոտեցում է»,- նշեց Գ.Մակարյանը:
Ինչ վերաբերում է կենսամակարդակի բարձրացման կանխատեսումներին, ըստ նրա, դրանք անիմաստ են, քանի որ ֆորսմաժորային իրավիճակներից ոչ ոք ապահովագրված չէ:
«Ֆինանսական միջոցների հաշվարկները անթույլատրելի է կատարել անգամ մոտակա տարիների համար, ուր մնաց 30-40 տարվա: Կառավարությունը ձախողելով իր ծրագրերը, հիմա փրփուրներից կառչելու տարբերակ է գտել` փորձելով կուտակայինի միջոցներն ուղղել տնտեսության մեջ որոշակի խնդիրների լուծման համար: Մինչդեռ, դրա փոխարեն, կառավարությունը պետք է զարկ տա աշխատատեղերի ստեղծմանը, արդյունաբերության զարգացմանը, փոքր և միջին բիզնեսը հարկերից ազատելուն»,- ընդգծեց նա: