Հեռավար ուսուցում՝ Հայաստանում. այս տարի դասընթացը կլինի անվճար
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը 2014թ. նախատեսում է իրականացնել հեռավար լրացուցիչ կրթական ծրագրեր: Ծրագրի մեկնարկային սեմինարն անցկացվում է այսօր:
ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, «Հեռավար լրացուցիչ կրթության կազմակերպում» ծրագրի խորհրդատու Նարինե Վարդանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց ծրագրի մանրամասները՝ տեղեկացնելով, որ ծրագիրն իրականացվում է Համշխարհային բանկի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ:
Այդ ծրագրով ակադեմիայի համակարգում որոշ դասընթացներ են նախատեսվում կազմակերպել: Նախապես կարիքների գնահատում է իրականացվել՝ հարցումների միջոցով:
«Դա թույլ է տվել մեզ դուրս բերել այն դասընթացներն ու առարկաները, որոնց կարիքն այսօր ունի հասարակությունը, պարզել խոցելի խմբերն ինչ լրացուցիչ կրթության կարիք ունեն, ինչի պատճառով չեն կարողանում աշխատանք գտնել: Տարբեր ուղղություններով են հարցումներն անցակցվել՝ չաշխատողների, աշխատողների շրջանում, որոնք կարող են ավելի լավ աշխատանք ունենալ, գործատուների շրջանում, հարցում կանցկացվի նաև ՊՆ սպայական անձնակազմի հետ»,- մանրամասնեց Նարինե Վարդանյանը՝ հավելելով, որ հարցումներն իրականացվել են Երևանում և չորս մարզերում:
Նա նշեց, որ մեկնարկային սեմինարի նպատակն էր ներկայացնել ընդհանուր առմամբ հեռավար կրթությունն ու առանձնահատկությունները: Առաջին փորձնական դասընթացը կանցկացվի սեպտեմբերից- նոյմեբեր, այս տարի ուսուցումը կլինի անվճար հիմունքներով: Քանի դեռ դրամաշնորհի շրջանակներում է իրականացվում, ուսուցումը կլինի անվճար, թե հետագայում ինչ քաղաքականություն կորդեգրի կենտրոնը, պարզ չէ:
Այս փուլում նախատեսվում է մոտ 20 դասընթաց կազմակերպել: Առաջիկայում արդեն պարզ կլինի, թե ինչ դասընթացներ ու ինչ ժամանակացույցով կկազմվեն:
Նարինե Վարդանյանը նկատեց, որ հեռավար կրթություն հասկացությունը Հայաստանում դեռ նոր-նոր է սկսել ձևավորվել, ինչը բոլոնյան գործընթացով մեր ստանձնած պարտավորոթյուններից մեկն է:
«Շատ տարածված չէ, ընդամենը մի քանի բուհեր կան, որոնք մի քանի դասընթացների գծով հեռավար կրթություն են տրամադրում: Մյուս կողմից հասարակության մոտ տեղեկատվության պակաս կա. չգիտեն ի՞նչ է հեռավար կրթությունն ու ինչպե՞ս կարելի է օգտվել: Հայկական բուհերը նմանատիպ կրթական ծրագրերի շատ նեղ շրջանակ են իրականացնում»,- ասաց Նարինե Վարդանյանը:
Ծրագրի խորհրդատուն հավելեց, որ հեռավար ուսուցումը շատ հայտնի և տարածված է ամբողջ աշխարհում. «Մարդիկ կարող են Չինաստանից այս ձևով կրթություն ստանալ անգլիական լավագույն բուհերում: Կան նաև որոշ հայեր, որոնք հեռավար կրթություն են ստանում: Դու քո տեղում նստած, քեզ հարմար ժամանակի կարող ես գրանցվել որոշակի վճարովի կամ անվճար դասընթացների, համացանցի միջոցով դասախոսից հանձնարարություններ ստանալ, քննություններ հանձնել ու համարվել այդ դասընթացն ավարտած: Դրանից հետո օնլայն տարբերակով ուղարկում են հավաստագիրը՝ որոշակի վճարի դիմաց, որը շատ փոքր գումար է կազմում»:
Գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավարի բնորոշմամբ, հեռավար կրթություն ստանալը շատ հարմար է և սոցիալապես, և ժամանակի խնայողության առումով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները