Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել Էմիլ Բուստանի համերգասրահում
Մարտի 21-ին, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը լիբանանյան հյուրախաղերի շրջանակներում ելույթ է ունեցել Էմիլ Բուստանի համերգասրահում, տեղեկացնում են Երիտասարդական նվագախմբի մամուլի բաժնից:
Համերգի առաջին բաժնում նվագախմբի կատարմամբ հնչել է Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի» սիմֆոնիկ պոեմը, ապա Ռոբերտ Շումանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Անտոնիո Մենեսես (թավջութակ)): Որպես բիս մաեստրո Մենեսեսը հնչեցրեց Բախի թավջութակի առաջին սյուիտից կուրանտան Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը ներկայացրեց Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը: Երեկոյի ավարտին հանդիսատեսը հրաժարվում էր լքել սրահը և ծափահարությունների տարափով պահանջում նորանոր ելույթներ: Համերգի ավարտին բուռն ծափահարությունների ներքո հնչեց Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ն:
Հիշեցնենք, որ նվագախումբը հրավեր էր ստացել Բեյրութից՝ հանդես գալու Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում (մարտի 17-ից 24-ը), ընդ որում՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Հատկանշական է, որ փառատոնի 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ պաշտոնական նվագախումբը ներկայացնում են հայաստանյան երաժիշտներ:
Ալ Բուստան փառատոնի շրջանակներում Երիտասարդականը հանդես կգա ևս 2 համերգով:
Նշենք, որ փառատոնին նվագախմբի մասնակցությունը իրական է դառնում գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ: