Փորձագետ. Ոչ կինետիկ պատերազմը ԼՂ հակամարտության դեպքում առանձնանում է Ադրբեջանի կողմից ատելության և ռասիզմի քարոզչությամբ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում իրականացվող ոչ կինետիկ պատերազմը էապես տարբերվում է այդ երևույթի համընդհանուր ընկալումից, քանի որ գործ ունենք ատելության քարոզչության, ռասիզմի և սպանության խթանման համակցության հետ: Այս մասին ասել է Հայաստանի քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ) նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանը, ելույթ ունենալով ՔԶՀԿ-ի կողմից կազմակերպված «Ոչ կինետիկ պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում» սեմինարին, որը տեղի է ունեցել մարտի 19-ին Վաշինգթոնում:
Ըստ նրա ՝ վերջին զարգացումները Ղրիմի թերակղզու շուրջ կրկին ուղղորդեցին ուշադրությունը Եվրասիական տարածքում սառեցված հակամարտությունների ազգայնականության և տեղեկատվական պատերազմի հարցերին: Փորձագետը ընդգծել է տեղեկատվության գործոնի կարևորությունը հակամարտությունների վերլուծության համար:
Հիշատակելով ադրբեջանցի մարդասպանի արտահանձնելու փաստը և Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը` փորձագետը նշել է, որ այդ ամենը ստեղծում են հայատյացության մթնոլորտ: Նա նաև ընդգծել է, որ համանման ռասիզմ էր քարոզվում Երրորդ Ռեյխի ժամանակ 1930-40 թվականներին:
Ըստ փորձագետի ՝ եթե երիտասարդությունը Հայաստանում և ԼՂՀ-ում որոշում է իր կարիերայի ուղին լավ կրթություն ունենալու միջոցով կառուցել, ապա ադրբեջանցի երիտասարդությունը տեսնում է, որ կարող է լավ կարիերա ունենալ հայ սպանելու միջոցով:
Դիլանյանը նշել է, որ չնայած տեղեկատվական հոսքերի փոխակերպմանը և համացանցի ու սոցիալական ցանցերի աճող հասանելիությանը, Ադրբեջանի քաղաքական էլիտան կառավարում է տեղեկատվական հոսքերը:
Նա նաև նշել է զոհի կերպարի ձևավորումը, ինչն ուղղված է Լեռնային Ղարաբաղում մեկ այլ պատերազմի համար «բարոյական» հիմք զարգացնելուն:
Փորձագետը հիշատակել է նաև վերջերս ադրբեջանցի ընտանիքի` Երևանից քաղաքական ապաստան խնդրելոււ փաստը: Ըստ նրա՝ դա հիմք է տալիս նրա եզրակացնել, որ Ադրբեջանում քարոզվող ատելության մշակույթի իռացիոնալ ասպեկտները հանդիսանում են հիմք պաթոլոգիական դաժանության զարգացման համար, որը ահաբեկչության արմատներից է:
Նա ընդգծել է, որ այն դեպքում, երբ Հայաստանը արդյունավետորեն մասնակցում է խաղաղապահ առաքելություններում, Ադրբեջանում ահաբեկիչների ծնունդի ինստիտուցիոնալ հիշողությունը գալիս է դեռևս արցախյան պատերազմի ընթացքում աֆղան մոջահեդների` ադրբեջանական կողմում կռվելու ակունքներից: Դիլանյանը խոսել է նաև Ադրբեջանի` տարածաշրջանի համընդհանուր կայունությանը և անվտանգությանը սպառնացող քաղաքականության մասին:
Ըստ Դիլանյանի՝ միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ-ի կողմից կեղծ հավասարության սկզբունքի պահպանումը և բաց տեքստով Ադրբեջանին չդատապարտելը վտանգում է փխրուն կայունությունը:
ՔԶՀԿ փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը իր հերթին մատնանշել է Ադրբեջանի կողմից ահռելի ֆինանսական ռեսուրսների քարոզչության վրա ծախսելու փաստը, այդ թվում Ադրբեջանի իշխանությունների կողմից Հեյդար Ալիևի արձանների տեղադրումը աշխարհի տարբեր մասերում, կեղծ բանաձևերի առաջքաշումը, որոնք խեղաթյուրում են 1992թ-ին Աղդամում տեղի ունեցած իրադարձությունները, տարբեր ուղեղային կենտրոններում և լրատվական հարթակներում իրականացվող վիթխարի ֆինանսական քաղաքականությունը:
Խոսելով Աղդամի իրադարձությունների մասին՝ փորձագետը հիշատակել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի տեսակետն այդ առնչությամբ: Ավելին, ներկայացվել է Ադրբեջանի կառավարության կողմից ցուցադրվող, այսպես կոչված, Աղդամի զոհերի նկարների կեղծ լինելը, որոնք ծագումով Կոսովոյից, Գազայից և Թուրքիայից են:
Նա նշել է, որ պանթուրքական ռազմավարական ծրագիրը դեռևս արդիական է, քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ շարունակում է Հայաստանի շրջափակումը և թշնամական քաղաքականությունը Հայաստանի և հայկական Սփյուռքի նկատմամբ:
Որպես Ադրբեջանի ռազմատենչ վարքի ապացույց Խլղաթյանը ընդգծել է ռազմական բյուջեի աննախադեպ աճը` դա դիտարկելով որպես բանակցությունների սեղանին դիրքերի ամրապնդման փորձ: Ըստ նրա՝ այնուամենայնիվ այս քաղաքականությունը ձախողվել է, քանի որ դա միայն մեծացրել է Հայաստանի զգոնությունը, իսկ Ռուսաստանն էլ նպաստել է ուժերի միջև հավասարակշռություն պահպանմանը:
Ըստ կենտրոնի տեղեկատվության՝ սեմինարը կազմակերպվել է Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի աջակցությամբ, որի բաժիններից է լեհական հետազոտական կենտրոն «Kosciuszko»-ը: Սեմինարին իրենց մասնակցությունն են ունեցել դիվանագետներ և փորձագետներ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում