«Ստվեր» ֆիլմը` «WEB ԾԻՐԱՆ» կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր
Սերգեյ Փարաջանովի թանգարանում հայտարարվել են «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի հաղթողների անունները: Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր հովանավորն է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ մրցույթի արդյունքները հրապարակել են հրավիրյալ ժյուրիի անդամները` կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը: Մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և webtv.am հեռուստաընկերության տնօրեն Արա Մանուկյանը:
Այս տարեսկզբին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևած «WEB ԾԻՐԱՆ» առցանց մրցույթին անհատ ռեժիսորների և արտադրող ընկերությունների կողմից ներկայացվել է խաղարկային, վավերագրական և անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ՝ Երևանից, Գյումրիից, Ռուսաստանից:
Մրցութային հաձնաժողովը գլխավոր մրցանակի համար սահմանել էր դրամական պարգև` 420 000 ՀՀ դրամի չափով: Մրցանակը ստացավ Նիկոլայ Հովհաննիսյանը՝ իր 10 րոպե տևողությամբ «Ստվեր» ֆիլմի համար: Որպես մրցանակ` ֆիլմ նկարահանելու տեխնիկական աջակցության տրամադրում է նախատեսվել խրախուսական և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում հաղթողների համար: Վերջինը նախատեսված էր ամենամեծ թվով առցանց դիտումներն արձանագրած ֆիլմի համար:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հայ երիտասարդների շրջանում ստեղծագործ ոգու խթանմանը: «WEB ԾԻՐԱՆ» փառատոնը բավականին հաջողված նախաձեռնություն է: Այն արդեն երրորդ անգամ մի ծրագրի շուրջ է համախմբում կինոաշխարհում իրենց առաջին լուրջ քայլերը կատարող շնորհալի երիտասարդներին: «Ոսկե Ծիրանե-ի այս եզակի ծրագիրը տարեցտարի դառնում է ավելի ու ավելի ճանաչված», ասեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կինոարվեստի աշխարհում իրենց առաջին լուրջ քայլեր կատարողները մեր աջակցության կարիքն են զգում: Արվեստի այս ոլորտում միայն ստեղծագործ միտքն ու ձեռքերը բավական չեն արժեքավոր գործեր ստեղծելու համար: Անհրաժեշտ է մի հարթակ, որտեղ կինոարվեստի սիրահարները կարողանան հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները: «WEB ԾԻՐԱՆ»-ը պատվով է իրականացնում այդ գործառույթը», ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Արդեն երրորդ տարին իրականացվող «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնը նպատակ ունի առանց ժանրային սահմանափակումների մեկ հարթակում միավորելու հայազգի և՛ սկսնակ, և՛ արդեն կայացած կինոարտադրող անհատներին, ինչպես նաև ընկերություններին` հնարավորություն ընձեռելով ոչ միայն պարզապես մասնակցելու մրցույթային ծրագրի, այլև ինտերնետային ազատ հարթությունում կինոսեր հանրության դատին ու գնահատականին առավել համակարգված կերպով ներկայացնելու իրենց վերջին աշխատանքները: