«Փակ շրջանի վատ ցիկլի առջև կարող ենք հայտնվել». Ջրի թանկացումը և «Երևան ջուր» ՓԲԸ պարտավորությունները
«Երևան ջուր» ընկերությունը պարտավորություններ էր ստանձնել տարեցտարի իջեցնել ջրի սակագինը, ինչպես նաև մինչև 2016 թվականը քաղաքի 95 տոկոսում 24-ժամյա ջրամատակարարում ապահովել ու ջրի արտահոսքը նվազեցնել մինչև 50 տոկոս:
Այս պարտավորությունների կատարման համար, սակայն, ճանապարհային քարտեզ չի ներկայացվել, ինչը, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ Բաբկեն Պիպոյանի, պատճառ է հանդիսանում այդ պարտավորությունների կատարման նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորոթյան բացակայության:
«Փակ շրջանի վատ ցիկլի առջև կարող ենք հայտնվել, երբ գա պայմանագրով նշված 2016 թվականը, և հայտնաբերենք, որ ընկերություն իր պարտավորությունները չի կատարել: Կամ կարող է լինել այնպես, որ իրենք 2015-ի ընթացքում հապճեպ կարգով կատարեն դրանք, ինչն էլ կնշանակի, որ իրենք կարող էին ավելի վաղ անել դա և բնակիչներն արդեն 3 տարի է՝ կունենային նորմալ ջրամատակարարում, ինչը չեն արել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Բաբկեն Պիպոյանի խոսքով, Երևանի բազմաթիվ բնակիչներ դժգոհում են ջրամատակարարման որակից, սակայն նրանց բողոքները ոչ միշտ են պատշաճ արձագանք ստանում ընկերության կողմից:
Ջրի հսկայական կորուստներին անդրադառնալով, նա նշեց, որ արտահոսքի չնչին տոկոսների նվազում է մինչ այս պահն արձանագրվել: Բայց նախանշված թվին հասցնելուց շատ հեռու ենք դեռևս. «Եթե կարող էիք ապահովել, ինչո՞ւ չէիք ապահովում: Ոչ միայն կասկած է հարուցում, այլև սա խոսում է այն մասին, որ խարդախություններ են կիրառվում: Այդ կորուստները լրացուցիչ ծախսեր են, որոնք բխում են ընկերության անմիջական շահերից»:
«Մի էժանագին ակցիա էլ արեցին: Երբ հայտնի դարձավ, որ էլէկտրաէներգիան թանկանում է, ջուրը աննշան՝ մեկ դրամով նվազեցրին: Մամուլում «Երևան ջուր» ընկերության պատասխանատուների մեկնաբանությունների մեջ ոչ ուղիղ կերպով ասվում է՝ «դե հիմա փող ենք ուզում հավաքել ժողովրդից, մի քիչ շատ գործ անենք»:
Այդպես չի կարելի գործել: Իսկ, թե ինչի համար է այսպիսի իրավիճակ ստեղծվել կարծում եմ, որ շատերի համար է ակնհայտ: Բանն այն է, որ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ չենք տեսնում, որ խիստ պետական քաղաքականություն վարվի՝ ելնելով սպառողական շահից: Վերահսկող միավորումներն ավելի շատ հիշեցնում են տնտեսվարողների շահերի պաշտպանության կառույցներ: Ահա այս մի քանի բաղադրիչներն են հանգեցրել այս իրավիճակին»,- մանրամասնեց նա՝ անդրադառնալով ջրի սակագինը բարձրացնելու ընկերության առաջարկին ու դրա հիմնավորվածությանը:
Ինչ վերաբերում է ջրի թանկացման համար ընկերության բերած այն կետերից մեկին, որը վերաբերում է արտարժույթի փոխարժեքին, Բաբկեն Պիպոյանը նախ արձագանքեց, որ ջուրը մեր սեփականությունն է, ապա հավելեց. «Եթե տեղափոխվենք ավելի կիրառական դաշտ, ապա կհասկանանք մի բան: Ենթադրենք, ինչ-որ խիստ արժեզրկումներ տեղի ունենային, ինչը որոշակի շեղման բերեր: Բայց չէ՞ որ ոչ մի նման բան տեղի չի ունեցել: Նոր մոտեցում է այդ «կարող է»-ներով խոսելու ձևը: Հնարավոր տարբերակները թվարկելը հասարակական սեկտորի գործառույթն է, իսկ պատասխանատու կողմը ոչ թե պետք է «կարող է»-ներից խոսի, այլ հստակ առարկայական: Ինչը չկա: Ասում են՝ կարող է լինի: Իսկ կա, արդյո՞ք: Շատ բան կարող է լինել: Տեսական գծեր գծելը պատասխանատու կողմի գործառույթ չէ: Պատասխանատու կողմը պետք է պատասխանի, թե հասարակական սեկտորի բերած «կարող է»-ներից որն է հնարավոր: Ինքը պետք է ասի, թե կոնկրետ ինչի հետևանքով է»:
Նշենք, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն փետրվարի 28-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել` խմելու ջրի սակագինը բարձրացնելու առաջարկով: Մեկ խոր. մետրի համար գործող 170.256 դրամի փոխարեն ներկայացված, այսպես կոչված, ճշգրտման հայտով «Երևան ջուրն» առաջարկում է սակագները դարձնել 177.746 դրամ: Այսինքն` բարձրացնել 7,49 դրամով: Ավելի վաղ Panorama.am-ին ընկերությունից հայտնել էին, որ սակագների բարձրացման հայտի համար հիմք է ծառայել սղաճը, որն աճել է 5.8%-ով՝ 2012թ. 2.6%-ի դիմաց:
Նախորդիվ՝
«Երևան Ջուր»-ը սակագների բարձրացման հայտը ներկայացրեց
«Երևան Ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 7,49 դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները