Արտակարգ պատահար Հարսնաքարի գործով դատավճռի հրապարակման ժամանակ (տեսանյութ)
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց Հարսնաքարի գործով դատավճիռը, որի համաձայն 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի: Դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալների հարազատները սկսեցին լաց լինել և բացականչել «Սատկեք դուք, թաղեմ ձեզ»:
Այնուհետև ամբաստանյալներից մեկը հայհոյանքներ տեղաց տուժող կողմի ներկայացուցիչ` Տիգրան Եգորյանի հասցեին, իսկ մյուս ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հրեց սեղանը, որպեսզի հարձակվի Եգորյանի վրա, սակայն ոստիկանության աշխատակիցները կանխեցին ամբաստանյալների գոծողությունները և նրանց հեռացրին դատարանի դահլիճից:
Հիշեցնենք՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, իսկ նրա ընկերները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:
Բոլոր վեց ամբաստանյալներին առաջադրվել էր նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և 118-րդ հոդվածով՝ ծեծը:
Այս գործով մեղադրող դատախազը դատարանին միջնորդել էր բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման և տուգանքի` 100 հազար դրամի չափով:
Մեղադրող կողմը հիմնավորված էր համարել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին ու Նորայր Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը, ինչի համաձայն, նրանք «միասնական դիտավորությամբ» ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Դրա հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Պաշտպանական կողմը դատարանին խնդրել էր նշանակել «արդար պատիժ»: