«Ինքնաբուժությամբ մի զբաղվեք». Ալերգոլոգ
Հայաստանում գնալով ավելի մեծ տարածում են գտնում ալերգիաները: Գարնան գալուստն ու բնության զարթոնքը, մի կողմից, ուրախացնում է, մյուս կողմից էլ` խնդիրներ առաջացնում հատկապես բույսերի նկատմամբ զգայուն օրգանիզմ ունեցող մարդկանց համար։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ալերգոլոգ-իմունոլոգ Հասմիկ Գյուրջյանն ասաց, որ գարնանը հիմնականում սրվում են շնչառական ալերգիաները՝ պայմանավորված բնության մեջ կատարվող մի շարք գործոններով: Գարնանային ալերգիաները հիմնականում ալերգիկ հարբուխներն են, ասթման և ատոպիկ դերմատիտը, դրանք հիմնականում սրվում են ծաղկափոշիների ծաղկման սեզոնին:
«Ալերգիան արտահայտվում է փռշտոցով, արցունքահոսությամբ, քթի փակվածությամբ, քթարտադրությամբ, գլխացավով և այլն: Մարդիկ շատ ժամանակ տեղյակ չեն լինում, որ դրանք ալերգիայի նշաններ են, և դա ընդունում են որպես մրսածության կամ գրիպի նախանշան: Միայն պրոցեսը երկարելու և շնչարգելություն սկսվելու դեպքում են մարդիկ դիմում բժշկի օգնությանը»,- նշեց ալերգոլոգը:
Հ.Գյուրջյանի խոսքերով` ամբողջ աշխարհում հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց ալերգիայի դեպքերը շատանում են: Պատճառները, ըստ նրա, բազմաթիվ են:
«Ալերգիաների պատճառը միայն ծաղկունքի շրջանը կամ փոշիները չեն: Ալերգիաները նաև ժառանգաբար են փոխանցվում, հատկապես խոսքը վերաբերում է բրոնխիալ ասթմային»,- ընդգծեց նա` հավելելով, որ հաճախ նյարդային հիվանդությունները շփոթում են ալերգիայի հետ, մասնավորապես` շնչարգելության նոպաները, որոնք լինում են նաև նևրոզների ժամանակ:
«Կան հիվանդություններ, որոնք իրար նման են, բայց դրանք տարբեր հիվանդություններ են, սակայն հաճախ մարդիկ քթահոսությունը, քորը անմիջապես վերագրում են ալերգիայի և սկսում են ալերգիայի դեմ բուժվել այնքան ժամանակ, մինչև չեն տեսնում, որ արդյունք չկա»,- ասաց Հասմիկ Գյուրջյանը:
Ալերգոլոգը հայտնեց, որ մարտից սկսվում է գարնանային ալերգիաների բուռն ծաղկման շրջանը` կապված ծաղիկների ծաղկման, խոտերի աճի հետ: Երկրորդ խնդիրը, որ կարող է սրվել գարնան ամիսներին արևի առկայությունն է. այն առաջացնում է մաշկային խնդիրներ որոշ մարդկանց մոտ:
Թեև ալերգիաները վերջնական չեն բուժվում, առհասարակ բոլոր նրանց, ովքեր տառապում են գարնանային ալերգիայով, Հասմիկ Գյուրջյանը խորհուրդ է տալիս ծաղկման սեզոնը սկսվելուց առաջ դիմել բժշկի, որոշել ալերգիայի առաջացման պատճառները և ստանալ կանխարգելիչ բուժումներ:
«Համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում մարդիկ կկարողանան հնավորինս խուսափել բարդություններից և նորմալ կյանքով ապրել»,- ասաց ալերգոլոգը:
Ըստ նրա` կանխարգելիչ բուժումներից մեկն այն է, որ մինչև ալերգիաների սեզոնի սկսվելը` ձմռանը, ալերգիայով տառապող մարդկանց պատվաստում են:
«Նախ պարզում ենք ալերգիայի առաջացման պատճառները, հետո դրա դեմ պատվաստում ենք, որպեսզի գարնանը նրանց մոտ ալերգիան սուր չընթանա: Նման բուժման պարագայում հնարավոր է, որ հաջորդող տարիներին սեզոնի ընթացքում այլևս խնդիրներ չունենան, կամ մինչև 80 տոկոսով նվազեն այդ խնդիրները»,- ասաց Հասմիկ Գյուրջինյանը:
Մասնագետը նաև հորդորեց, որ քթարտադրության, քորի, փռշտոցի կամ այլ նշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ ժամանակին դիմել բժշկի, որպեսզի ստանան համապատասխան բուժումներ: