«ԱՄՀ-ն կենսաթոշակային բարեփոխումների հարցում ՀՀ կառավարության վրա ճնշումներ չի գործադրել»
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կենսաթոշակային բարեփոխումների հարցում Հայաստանի կառավարության վրա ճնշումներ չի գործադրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը` հավելելով, որ այդ բարեփոխումներին, մասնավորապես` կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, ՀՀ կառավարությունը նախապատրաստվել է 4-5 տարի, խնդիրը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ:
Նրա խոսքերով` իշխանությունները խորհրդակցել են կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում մասնագիտացված ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, բացի այդ` իշխանությունները փորձել են գտնել ֆոնդերի լավագույն կառավարիչներին:
Ըստ Մ.Հորթոնի` բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը տարեցների շրջանում աղքատության մակարդակի նվազեցումն էր:
«Մեր կարծիքով՝ դա լավ մշակված և լավ մտածված բարեփոխում է»,- ասաց Մ.Հորթոնը:
Նրա խոսքերով` այս բարեփոխումներն ազդելու են հասարակության լայն շերտերի վրա:
«Բարեփոխումներում անշուշտ կլինեն հատվածներ, որոնք ավելի հեշտ կընդունվեն, կլինեն նաև այնպիսիք, որոնք շատ ավելի դժվար կընդունվեն: Կենսաթոշակային բարեփոխումներ նախագծելիս ստիպված ես լինում կանգնել մի շարք բարդությունների առաջ, սակայն պետք է հիշել, որ այս բարեփոխումը կարևոր է ապագայի համար»,- ընդգծեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը` հավելելով, որ իրենք համարում են, որ այս բարեփոխումներում ապահովվել է պատշաճ հավասարակշռվածությունը: