Իլգար Վելիզադե. ՀԱՊԿ անդամ լինելը չի խանգարում Հայաստանին հաջողությամբ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ
Հայաստանը անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպություն ռազմաքաղաքական դաշինքին, որը եթե նույնիսկ չի հակադրվում ՆԱՏՕ-ին, ապա նպատակներով և խնդիրներով բավականին տարբեր է նրանից: Սակայն այս հանգամանքը չի խանգարում Հայաստանին համագործակցել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Այս մասին ասվում է ադրբեջանցի լրագրող Իլգար Վելիզադեի` «Кавказская политика»-ի համար գրված հոդվածում:
Ըստ հոդվածի` մինչ Կովկասի հյուսիսում ՆԱՏՕ-ի երկրները և Ռուսաստանը կատաղի պայքար են մղում ազդեցության ոլորտների համար, Երևանում կազմակերպվել է քննարկում «ՆԱՏՕ-ն և Հարավային Կովկասը. ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» թեմայով:
«Երևանը ակտիվորեն իրականացնում է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը և նույնիսկ արդեն որոշակի հաջողությունների է հասել: Մոսկվայում նախընտրում են լռել այդ հաջողությունների մասին, մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ քննարկում են այդ հաջողությունները և նույնիսկ հաճախ օրինակ են բերում Հայաստանը: Այս երկակիությունը շահեկան է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության համար, որը Բրյուսելի հետ հարաբերություններում շեշտը դնում է իր արտաքին քաղաքականության հավասարակշռվածության վրա»,- նշում է հեղինակը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հեղինակը, դժվար չէ ենթադրել, որ ուկրաինական դեպքերի հետ կապված Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև հարաբերությունների վատթարացումը իր բացասական ազդեցությունը կունենա նաև մինչ դաշինքյան քաղաքականության վրա: Ըստ հեղինակի` պետք է մտածել, թե արդյոք Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը Հարավային Կովկասում իրենց շրջադարձային ազդեցությունը կունենան, թե ոչ:
Հոդվածում նշվում է, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը հայտնվում են բարիկադների հակադիր կողմերում, և հետևաբար իրատեսական է, որ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զգալիորեն կարող է նվազել: Բացի այդ, Հայաստանը չի թաքցնում, որ դրական վերաբերմունք ունի Ղրիմի հանրաքվեի արդյունքների նկատմամբ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերաբերմունքին, ապա ըստ Վելիզադեի, Բաքվում ակնհայտորեն չեն ցանկանում ուկրաինական իրադարձությունների պրոյեկտումը տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարթությունում:
«Հետևաբար, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Ադրբեջան և այդ այցելության հնարավոր հետևանքները նախընտրում են չքննարկել»,- գրում է հեղինակը:
Ամփոփելով` հեղինակը նշում է, որ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը քննարկելիս հազիվ թե կարելի է խոսել կողմերի մոտեցումների անկանխատեսելիության մասին: «Այսպիսի բարդ ժամանակներում դա շատ կարևոր է, քանի որ ամեն մի անկանխատեսելի իրադարձություն հղի է նոր ռիսկերով: Հարավային Կովկասի երկրները իրապես գիտակցում են այդ ռիսկերի գինը, սակայն բացառված չէ, որ միևնույն ժամանակ շարունակում են տարբեր կերպ գնահատել դրանք»,- գրում է Վելիզադեն: