Հանքարդյունաբերությանը նվիրված միջազգային համաժողովը երկխոսության նպատակ ունի. ԱՄՆ դեսպան
«Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը երկխոսության նպատակ ունի,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Նրա խոսքերով` համաժողովին հրավիրված են շահագրգիռ բոլոր կողմերը, պետական պաշտոնյաներ, արդյունաբերության ոլորտի մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
«Մենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հրավիրել ենք, քանի որ որպես Հայաստանի ընկերներ և բարեկամներ, ցանկանում ենք, որպեսզի այս ոլորտում խթանենք երկխոսությունը: Իհարկե, ոլորտը շատ կարևոր է Հայաստանի համար, բայց նաև պետք է հասկանալ, որ կան վիճահարույց շատ խնդիրներ»,- ասաց դեսպանը:
Ջ. Հեֆֆերնը հույս հայտնեց, որ այսօրվանից սկսած այդ երկխոսությունը կշարունակվի ՀՀ կառավարության, ձեռնարկությունների և այլ շահագրգիռ անձանց միջև:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը ևս նշեց, որ միջազգային համաժողովին մասնակցում են ոչ միայն նախարարությունների, տեղական համայնքների ներկայացուցիչներ, այլև ակտիվիստներ և շահագրգիռ կազմակերպություններ, այսինքն` նրանք, ովքեր շահագրգռված են, որպեսզի Հայաստանին Աստծո կողմից տրված պարգևը` բնական պաշարները, հանքարդյունաբերվեն և մշակվեն պատասխանատու կերպով:
Ըստ նրա` այս կոնֆերանսի անցկացման գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ, երբ Մեծ Բրիտանիան ղեկավարում էր Մեծ ութնյակը, և համաժողովի նպատակն է ապահովել քննարկումների թափանցիկությունը:
«Թափանցիկության համաշխարհային չափորոշիչների կիրառությունը, մասնավորապես` հանքարդյունաբերության ոլորտում, թույլ կտա բնության կարևորագույն պաշարները իրացնել ի շահ քաղաքացիների և բնակչության»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե կոնֆերանսին մասնակցող բնապահպան-ակտիվիստների կողմից բարձրացրած հարցերն արդյոք հաշվի են առնվելու, Քեթրին Լիչը ընդգծեց, որ բնականաբար, նրանց ձայնը լսելի է լինելու և կոնֆերանսին նախատաեսված են նաև ելույթներ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից:
«Դա է եղել կոնֆերանսի հիմքում դրված հիմնական սկզբունքը»,- նշեց դեսպանը:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն էլ ընդգծեց, որ քաղաքացիական հասարակության համար կարևոր է, որպեսզի նման միջոցառումների շրջանակներում շփվեն հանքարդյունաբերական ընկերությունների հետ:
«Եթե քաղաքացիների շահերը ներկայացնող անկախ կազմակերպությունները կամ անկախ անձինք արհամարհեն ձեռնարկություններին, ապա իրենք իրենց ասելիքը տեղ չեն կարող հասցնել»,-ընդգծեց դեսպանը:
Նշենք, որ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի նպատակն է հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահագրգիռ խմբերին տեղեկատվության փոխանցումը և նրանց միջև երկխոսության դյուրացումը: Երկօրյա համաժողովին հանդես կգան միջազգային խոսնակներ և փորձագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները