Հայկական թատրոնը հայտնվել է փակուղում. թատերագետ
Տարրական գրագիտության պակաս, դերասանական ու բեմական, բեմում գտնվելու մշակույթի բացակայություն: Սրանք ենք հայկական այսօրվա թատրոնի հիմնական խնդիրները, որոնք Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց թատերագետ Արա Խզմալյանը:
«Ինչպես պետք է խաղան, ինչքան էներգիա վատնեն, ինչքան խնայեն, ինչ անեն, որ խաղը լինի մտածված ու հավասարակշռված, ...: Հարցեր են, որոնց ոչ ոք չի անդրադառնում: Սեփական մասնագիտության մասին անհրաժեշտ իմացություն ուղղակի չկա»,- ասաց նա:
Ըստ թատերագետի, այս ամենի պատճառն առաջին հերթին բուհերում տրվող կրթությունն է. «Ամեն ինչ սկսվում է այնտեղից՝ ինչ են սովորեցնում ուսանողներին: Սովորեցնելու փոխարեն մանկավարժների մի զգալի մասը զբաղված է սեփական բեմադրություններն անելով՝ օգտագործելով ուսանողական ուժը: Մինչդեռ կարևորը պետք է լինեն ոչ թե տվյալ մանկավարժի ռեժիսորական մտահղացումները, այլ լավ կրթություն տալը»:
Արա Խզմալյանի խոսքով, 21-րդ դարում, եթե դերասանը չկարողանա անել ամեն ինչ, կատարելապես չտիրապետի իր ձայնին, մարմնին, տեխնիկային, չլինի ինտելեկտուալ, չի կարող լինել հետաքրքիր:
«Ապրում ենք խելոք դարաշրջանում, որտեղ միայն խելոք մարդիկ կարող են մրցունակ լինել: Այսօր բուհն ավարտում են 10-րդ դասարանի մակարդակով: Դրա համար մեր թատրոնն այսօր հարցականի տակ է»,- ասաց թատերագետը:
Ըստ նրա, հայկական թատրոնը մրցունակ չէ ոչ միայն միջազգային իմաստով, այլ նաև թատրոնը մրցակցության խնդիր ունի կյանքի հետ՝ ինչպես ներկայացնել կյանքի սուր անկյունները, հրատապ խնդիրները գեղարվեստական լեզվով:
Արա Խզմալյանը նշանակվել է պետական քննությունների հանձնաժողովի նախագահ, ինչը, ըստ նրա, թույլ է տալիս խոսել մանկավարժների հետ, ներկայացնել նկատառումներ:
«Հուրախություն ինձ, ընդունում են, որևէ առարկություն չի լինում, սակայն այլ բան է ընդունելը, այլ բան՝ կարողանալը: Մենք կարիք ունենք դասախոսական լուրջ կադրերի, մեթող, կողմնորոշում ունեցող մասնագետների»,- ասաց նա:
Թատերագետի խոսքով, մասնագիտական պրոցեսն ու թատերական պրոցեսը տարբեր բաներ են ու ուսման ընթացքում պետք է ոչ թե բեմադրություններ անել, այլ սովորեցնել տարրական բաներ, որպեսզի վաղը, մյուս օրն այդքան անօգնական չկանգնեն բեմում:
«Դերասանը դուրս է գալիս բեմ, առաջին տեսարանում ինչքան ուժ ունի գոռում է, ինչքան ուժ ունի պատեպատ է տալիս իրեն: Հարց է առաջանում՝ առաջիկա երկու ժամվա ընթացքում դերասանը ի՞նչ պետք է անի»,- դիտարկում արեց նա:
Թատերագետ Արա Խզմալյանի խոսքով, այս ամենը բարդ խնդիրներ են, որոնց լուծման համար դեղատոսմեր չունի, բայց այս ամենի պատճառով թատրոնը հայտնվել է փակուղային վիճակում:
Հարակից հրապարակումներ՝
Արա Խզմալյանը՝ թատերական արվեստի ոլորտում պետական մրցանակ չշնորհելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները